Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Զորակոչային տարիքում արտագաղթողների մասին. քաղաքացու նամակը «Հետք»-ին
14:51
Զորակոչային տարիքում արտագաղթողների մասին. քաղաքացու նամակը «Հետք»-ին


    «Հետք»-ը նամակ է ստացել զորակոչային տարիքը լրացած քաղաքացիների նկատմամբ հայտարարվող հետախուզման մասին:

        «Հարգելի խմբագրություն

     Խնդիրը, որի վերաբերյալ ուզում եմ բարձրաձայնել Ձեր լրատվական ծառայության միջոցով, վերաբերվում է զորակոչային տարիքը լրացած երիտասարդներին, որոնց թիվը 17 հազարից ավելի է, և որոնք մինչև առ այսօր դեգերում են Երկիր մոլորակի աշխարհագրական տարբեր վայրերում: Դեռ ավելին. նրանք բնութագրվում են որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողներ, և նրանց բոլորի նկատմամբ անխտիր կարգով ձևակերպվել և հայտարարվել է հետախուզում: Սա իբրև իրավաբանորեն հիմնավորված դրույթ է գոյություն ունեցող օրենքի պահանջներից ելնելով: Սակայն մերօրյա երիտասարդներին նման վերաբերմունքի արժանացնելը և նրանց որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողներ պիտակավորելը, ըստ իս, բոլորովին հեռու է իրական պատկերը ռեալ գնահատելու և բնութագրելու իրողությունից:

     Որևէ մեկին չի հետաքրքրում, թե այդ երիտասարդները ինչու և ինչպես են հայտնվել աշխարհագրական տարբեր կետերում՝ թողնելով հայրենիքը և նրա նկատմամբ ունեցած պարտականությունների կատարման սուրբ առաքելությունը: Միթե նրանք չեն գիտակցում, որ մենք շրջապատված ենք հարևան թշնամի պետություններով: Ես կարող եմ հակադարձել և պնդել, որ մերօրյա երիտասարդները իրենց մտավոր և ֆիզիկական ունակություններով, նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, անձնազոհությամբ և այլ, և այլ որակական հատկանիշներով մի քանի աստիճան բարձր են թե նախորդ սերնդի իրենց հասակակիցներից և թե այն անձանցից, որոնք մշակել, ընդունել և կիրառում են օրենք կոչվող այդ դրույթները, որոնցով անգամ արգելափակվում է մեր երիտասարդների վերադարձը հայրենիք:

        Առանց ուսումնասիրելու, թե ով ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է հայտնվել երկրագնդի տարբեր լայնություններում, բոլորի նկատմամբ մասսայական ձևակերպելով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը որպես քրեորեն հետապնդվող արարք՝ նրանց նկատմամբ հայտարարելով հետախուզում՝ դրանով համարելով իրենց պաշտոնեական պարտականությունները կատարած և ավարտած: Այնինչ իրականում այդ երիտասարդների մի զգալի հատված, իրենց ընտանիքների ծանր և ծանրագույն պայմաններից դրդված, բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը, մյուս մասը ուսման նպատակով մեկնել է արտերկիր՝ շարունակելու և խորացնելու իր գիտելիքները, երրորդ հատվածը ընդգրկվել է տարբեր միջազգային ծրագրերի իրականացման գործընթացների մեջ և այլն, և այլն: Անհատապես ուսումնասիրելու փոխարեն բոլորին մեկ կնիքով պիտակավորում են որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների և վերջ: Իհարկե, նրանց մեջ կլինեն նաև պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողներ: Բայց դա չի նշանակում, որ բոլորին մեկ արշինով պետք է չափել:

     Այսօր ունենք այնպիսի շնորհալի երիտասարդներ, որոնք իրենց հայրենասիրությամբ, անձնվիրությամբ և նվիրվածությամբ անում են շատ ավելին, քան ներկայիս իշխանավորները միասին վերցրած: Եվ սա հեղինակավոր և բանիմաց մարդկանց գնահատականներն են: Նույնը չես կարող ասել մերօրյա իշխանավորների մասին, որոնք անտարբերության են մատնել թվարկածս 17 հազար երիտասարդների ճակատագրերը և որևէ քայլ չեն ձեռնարկում այդ 17 հազար երիտասարդներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

        Երիտասարդի զորակոչային տարիքը լրացել է, այլևս իրավունք չունի ծառայության մեկնելու, ինչպես նաև հայրենիք վերադառնալու խնդիրն է վտանգված, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Դրա հետ մեկտեղ իրավունք չունի նաև գոնե ֆինանսապես փոխհատուցելու իր չծառայած տարիների համար, որովհետև օրենքը վերաբերվում և տարածվում է մինչև 01.05.1988 թվականին ծնվածների վրա, որը գործել է մինչև 01.05.2015 թվականը: Վերջ: Թե 2015 թվականի մայիսի մեկից հետո զորակոչային տարիքը լրացած երիտասարդները ինչքան ժամանակ պետք է դեգերեն մոլորակի աշխարհագրական տարբեր լայնություններում, առ այսօր անհայտ է բոլորի համար:

           Արտագաղթի նման պայմաններում արտագաղթողների թիվը 17 հազարով ավելացնելը բացարձակ չի խոսում այն մասին, որ մեր հանրապետությունը մտահոգված է իր քաղաքացիների ճակատագրով: Իսկ մենք՝ քաղաքացիներս, առանց մի որևէ զորակոչի զորավիգ ենք կանգնում մեր հայրենիքի պաշտպանությանը ցանկացած ոտնձգությունների դեպքում՝ առանց սպասելու որևէ մեկի հրավերին կամ կանչին և առանց հաշվի առնելու ներքաղաքական խժդժությունները և արտաքին ազդակները; Ըստ իս՝          17 հազար երիտասարդի հայրենիք վերադառնալու դեպքում ինչ-որ չափով կլուծվեն ոչ միայն ժողովրդագրական խնդիրները, այլև նրանք հնարավորություն կունենան իրենց անմիջական նպաստը բերելու հայրենիքի տնտեսության զարգացմանը և հզորացմանը; Ամփոփելով ասելիքս՝ հույսով եմ, որ նյութը հրապարակելուց հետո իշխանությունները այս հարցին հրատապ լուծում կտան:

           Հայաստանի Հանրապետության խնդիրներով մտահոգ քաղաքացի

           Ռ. Այվազյան»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 689 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0