Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 6 » Զգուշացում բոլոր վարորդներին. ԱՊՊԱ ոլորտում փոփոխություններ են կատարվել
14:04
Զգուշացում բոլոր վարորդներին. ԱՊՊԱ ոլորտում փոփոխություններ են կատարվել

    Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ ոլորտում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Սույն թվականի սեպտեմբերի 1-ից ապահովագրությունը կատարվում է անսահմանափակ թվով վարորդրերով: Իսկ ապպա պայանագիրը կազմվում է տվյալ տրանսպերտային միջոցի սեփականատիրոջ կամ լիազորված անձի փաստաթղթերի տվյալներով.

   «Ապահովագրության համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտային միջոցի սեփականատերն իր անձնագրով, սոցալական քարտով, և մեքենայի տեխանձնագրով մոտենա ապահովագրական գործակալություն, կամ ապահովագրական գործակալի և կատարի ապահովագրություն: Նախկինում պայմանագրում նշվում էին նաև այն վարորդների տվյալները, որոնք կարող էին վարել տվյալ տրանսպորտային միջոցը և վթարի դեպքում տվյալ ապահովագրական ընկերությունը պարտավորվում էր հատուցում կատարել, իսկ եթե վթարի պահին ղեկին գտնվող անձը գրանցված չէր ապպա պայմանագրում, ապա այդ վարորդին հատուցում չէին տրամադրում: Իսկ արդեն նոր կանոնակարգով ցանկացած անձ՝ ով ունի վարորդական իրավունք, կարող է վարել տվյալ տրանսպորտային միջոցը և պատահարի դեպքում մեղավոր վարորդը հատուցուման հետ խնդիր չի ունենա»,- IGyumri.com-ի հետ զրույցում պարզաբանեց «Նաիրի ինշուրանս» Ապահովագրական ընկերության Գյումրու գրասենյակի պատասխանատու Հակոբ Վխկրյանը:

   Փոփոխություններ են կատարվել նաև տրանսպորտային միջոցի ապահովագրության գումարի հաշվարկման ձևում (ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափերը մեկ տարի ժամկետով կնքվող ապպա պայմանագրերի համար(աղյուսակ); ապահովագրավճարի վերջնական չափը հաշվարկվում է բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով ապահովադրի բոնուս-մալուս դասին համապատասխան զեղչը կամ հավելումը հետևյալ չափերով՝ աղյուսակ):

   «Եթե նախկինում ապպահովագրության գումարի հաշվարկման համար հաշվի էր առնվում պայմանագրում առկա վարորդի տարիքը, վարորդական փորձը, ապա այժմ այդ գործոնները հաշվի չեն առնվում: ԱՊՊԱ գծով ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Բազային ապահովագրավճար x Բոնուս-Մալուս գործակից x Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակից, դրանց գումարած նաև տրանսպորտային միջոցի ձիաուժը»,- մանրամասնեց «Նաիրի ինշուրանս» Ապահովագրական ընկերության Գյումրու գրասենյակի պատասխանատուն:

  Նոր կանոնակարգով նախատեսվում է՝ եթե տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար և վթարում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնք ունեն գործող ԱՊՊԱ պայմանագրեր, ապա կարող են տեղում լրացնել համաձայնության հայտարարագիրը և հեռանալ դեպքի վայրից (Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում կողմերի գործողությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ):

 «Համաձայնեցված հայտարարագիրն ապահովագրական պատահարի դեպքում պատահարի մասնակիցների կողմից պատահարի վայրում լրացվող սահմանված ձևի ձևաթուղթ է, որտեղ նրանց ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի հանգամանքները, փաստերը և այլ տեղեկություններ։ Բացի նրանից, որ ՃՏՊ-ում ներգրավված պետք է լինեն միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, այլ նաև վնասը պատճառվված պետք է լինի միայն այդ տրանսպորտային միջոցներին, վնաս պատճառած անձը պետք է ընդունի, որ ՃՏՊ-ի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և առկա է երկու կողմերի համաձայնությունը դրա վերաբերյալ, և վերջապես, տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը»,- ավելացրեց «Նաիրի ինշուրանս» Ապահովագրական ընկերության Գյումրու գրասենյակի պատասխանատու Հակոբ Վխկրյանը:

  Նա նաև հավելեց, որ 2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ 

    Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝ 

    1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,

   2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,

   3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին: 

 Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն: 

  Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։ 

 Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝ 

 1. համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,

 2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին: 

 Ճանապարհային ոստիկանությունն նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 1931 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0