Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » Վարչապետը խոստացավ ուսումնասիրել Գյումրիի մանկավարժական համալսարանում խախտումների վերաբերյալ հայտարարությունը
18:59
Վարչապետը խոստացավ ուսումնասիրել Գյումրիի մանկավարժական համալսարանում խախտումների վերաբերյալ հայտարարությունը

  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է ուսումնասիրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը՝ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով անցկացնելու վերաբերյալ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ­ն Գյումրիից նամակ է ստացել, որ Գյումրիի մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցել են կոպիտ խախտումներով, քանի որ ֆակուլտետների դեկանները չեն մասնակցել քննությանը և նրանց ընդամենը տեղյակ են պահել, թե որ ուսանողներն են ընդունվել համալսարան: «Ես վաղը կհանձնարարեմ մեր վերահսկողության ծառայությանը, որպեսզի ուսումնասիրի այն, ինչի մասին դուք խոսում եք»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ հայտարարեց վարչապետը:

   Անդրադառնալով պատգամավորի մյուս դիտարկմանը, թե մամուլում և հասարակության մեջ պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են կոռուպցիոն երևույթների և ֆինանսական մեքենայությունների մեջ՝ վարչապետն ասաց. «Մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր մարմին պետք է զբաղվի իր գործունեությամբ: Եթե կան փաստեր, որոնցով պետք է զբաղվեն քննչական և իրավապահ մարմինները, տվեք թող զբաղվեն»:

     Վահե Էնֆիաջյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, ընդգծեց, որ փաստերը մամուլում են: Ի պատասխան Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ չգիտի, թե որքանով կարիք կա մամուլի ամեն հրապարակման անդրադառնալ, բայց համաձայնեց դիտարկման հետ, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: «Ես չգիտեմ, որքանով ճիշտ կլինի ամեն հոդվածի դեպքում քրեական գործ հարուցել, երբ գիտենք, որ շատ դեպքերում նման հոդվածները միտումնավոր են լինում: Ինչպե՞ս անենք, տվեք առաջարկներ»,­ եզրափակեց Կարապետյանը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2373 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0