Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել
12:27
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նիստին: Այս մասին գրում է tert.am-ը։

      «Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,-ասաց վարչապետը:

       Կարեն Կարապետյանը մեկնաբանեց, որ նախ և առաջ իրեն վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան։

       «Մեր կառավարությունն առաջին հերթին եղել է ՀՀԿ-ի կառավարություն»,-ասաց վարչապետը:

     Անդրադառնալով մյուս պատճառներին՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է առաջանալ տեսական հարցադրում, թե ինչո՞ւ չեն հիմնում մեկ այլ կուսակցություն, որը կլինի քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի. ունենալով Արցախի հիմնահարց և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից»:

      Ըստ վարչապետի՝ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան. քանի որ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը հոգեհարազատ է իրեն, այնտեղ իր համար բազմաթիվ ընդունելի մարդիկ կան. «Վարչապետի պաշտոնում և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»։

      Կարեն Կարապետյանն ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ դարձել է մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը. «Հաշվի առնելով այս ամենը՝ ես ՀՀԿ-ին միանալու որոշում եմ կայացրել»:

         Անդրադառնալով Կառավարության անկուսակցական անդամներին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ պարտադիր չէ, որ անկուսակցական նախարարները դառնան կուսակցական, որևէ պարտադրանք չկա, և դա յուրաքանչյուրի գիտակցական և տրամաբանական որոշման հարցն է:

      Կարեն Կարապետյանի խոսքով՝ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:

     ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ  համագումարը, և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 163 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0