Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի և ՀՎԿ–ի բողոքը Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ
17:21
Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի և ՀՎԿ–ի բողոքը Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ

     Վարչական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման: Հայտնում է tert.am-ը:

     Դատական նիստի ավարտից հետո ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հերթական անգամ ականատես եղան օրենքի շրջանցման և կայացված վճիռն աղերս չունի իրականության հետ:

     ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ ստեղծված իրավիճակը կքննարկեն կուսակցության ներսում և հանդես կգան հրապարակավ հայտարարությամբ:

        Հիշեցնենք, որ բոնուսային միավորի կիրառման արդյունքում այս կուսակցություններից մեկական մանդատ էր փոխանցվել «Բալասանյան դաշինքին», որը մեծամասնություն է կազմել Գյումրու ավագանիում, իսկ դաշինքը գլխավորող Սամվել Բալասանյանը վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:

         ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն հոկտեմբերի 11-ին հայց էին ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը և իրենց վերադարձնել մեկական մանդատները:

        Նշենք, որ սեպտեմբերի 9-ին տեղի էր ունեցել թիվ 34 ԸԸՀ նիստ և Գյումրու 33 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինքը», որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացել է 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8 մանդատ, «Հայկական վերածնունդ» և «ԳԱԼԱ» կուսակցությունները 4-ական մանդատ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0