Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի
11:35
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի

     Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

    «Մենք երբեք չենք հրաժարվել որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի մակարդակով, թե արտգործնախարարի, անգամ՝ աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմնակից ենք նրան, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, լինեն ինչ-որ առաջընթացներ: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ այնուհետ չեն կատարվում պայմանավորվածությունները, ո՞րն է այդ հանդիպումների օգուտը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

     Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիրը»:

     «Մենք ցանկանում ենք, որ և՛ համանախագահները, և՛ միջազգային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

  Սերժ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով:

     «Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»,- ասել է նա:

    Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք սկզբունք՝  ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

    Այդ անռչությամբ Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, «բայց միայն այդ երեք սկզբունքների հիման վրա»:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 236 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0