Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 15 » Սերժ Սանգսյանի եղբայրը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի
15:15
Սերժ Սանգսյանի եղբայրը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի

     Գյումրու ավագանու նիստը սկսվեց օգոստոսի 9-ին Հակոբյան փողոցի 6-րդ նրբացնքում մեծամասշտաբ հրդեհի հետևանքով տուժած 7 ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցի քննարկմամբ:

     «Մոտ 1100 քառակուսի մետր տարածք է այրվել, 7  ընտանիքների տներ  հիմնահատակ այրվել են, մի քանի բնակարաններ՝ վնասվել»,- իր զեկույցում նշեց փողքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

        Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց՝ քանի որ վնասը շատ մեծ է նամակով դիմելու են կառավարությանը վնասների փոխհատուցման համար: Իսկ Գյումրու քաղաքապետարանի ավագանու որոշմամբ էլ առաջիկա միջոցառումների համար նախատեսված գումարից 2 մլն դրամի չափով գումար է տրամադրվելու տուժած ընտանիքներին:

      «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ  հատկացվեցին:

    «Որպեսզի մենք կարողանանք այս 2 տոները խիստ սեղմ ծախսերով նշել՝ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումները միասին ենք նշելու: Տարեսկզբին բյուջեով նախատեսված է եղել 7 մլն դրամ և ակնկալում ենք ձեր հաստատումը, որպեսզի մեր քաղաքի օրն անցկացնենք հավուր պատշաճի և գեղեցիկ միջոցառումներով», -իր զեկույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը:

 «Ծիրանափող» հասարակական կազմակերպությունը դիմել է Մշակույթի նախարարությանը և Գյումրու քաղաքապետարանին «Ռոք ֆեստ Գյումրի 2016» փառատոնն անցկացնելու համար:

         «Փառատոնին մասնակցում են միջազգային մի քանի խմբեր, իսկ Գյումրու խմբերից «Բամբիռը»: Այս փառատոնն անցկացվելու է «Սև բերդ» ամրոցում՝ Անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանագրով մեզ հատկացրել է նախատեսվող ծախսերի 11 մլն դրամից 6 մլն-ը: Ունենք 5 մլի-ի պակաս, որի 1 մլն-ը տրամադրել է Շիրակի մարզպետարանը, 1 մլն-ը կլրացվի մասնավոր սեկտորի կողմից և դիմել ենք Գյումրու  քաղաքապետարանին 3 մլն դիֆիցիտից որևէ մաս հոգալու համար»,- մանրամասնեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն իր խոսքում նշելով, որ առաջին անգամ է Գյումրիում նմանատիպ փառատոն անցկացվելու:

   Գյումրու քաղաքապետն էլ ողջունելով նախաձեռնությունը իր խոսքում նշեց, որ շատ կարևոր միջոցառում է քաղաքի համար և խոստացավ օգնել և իր անձնական միջոցներից որոշակի օգնություն տրամադրել փառատոնի իրականացմանն աջակցելու համար:

       Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի սեփականության իրավունքով պատկանող թվով 6 տրանսպորտային միջոցների 2016 թվականի գույքահարկի գումարի վճարման նկատմամբ արտոնություն սահմանվեց՝ ավագանու անդամներրի մեծամասնության կողմ քվեարկության արդյունքում:

            «Համայնքի ղեկավարին դիմել է Շիրակի թեմի ռաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 6 մեքենաների գույքահարկը կազմում է 81800 դրամ»,- մնրամասնեց Գյումրու քաղաքապետարանի բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սարիկ Մինասյանը:

         Լրացուցիչ հարցերի շրջանակներում որոշվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհել հայ բեմադրիչ, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին («Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Վարազդատ Ավոյանի առաջարկությամբ), «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջիին (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի միջնորդությամբ), Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը  (միջնորդական նախաձեռնությամբ հանդես է եկել ԳՊՄԻ նախկին ռեկտոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդևան Գրիգորյանը):

      Վերջինիս Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն ավագանու անդամներից դեմ քվեարկեց միայն Լևոն Բարսեղյանը:  Անգամ ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներից ոմանք, քվեարկության ժամանակ դեմ արտահայտվեցին, որոնք ցավոք չունեին քվեարկությանը մասնակցելու իրավունք:

Հեղ. Սուսաննա Մկրչյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 787 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0