Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » «Պոբեդան» անմաքուր պայքար է մղում «Արմենիա»-ի դեմ. Հակոբ Ճաղարյանը՝ էժան ավիատոմսերի մասին
22:41
«Պոբեդան» անմաքուր պայքար է մղում «Արմենիա»-ի դեմ. Հակոբ Ճաղարյանը՝ էժան ավիատոմսերի մասին

    Գյումրի-Մոսկվա չվերթների համար 10 հազար դրամ սակագին սահմանելով՝ «Պոբեդան» անմաքուր պայքար է մղում Հայաստանի նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը, որը երկար տարիներ զբաղվում է ավիափոխադրումներով:

   «Եթե նայենք մեր վերջին երեք տարիների պատմությանը, կտեսնենք, որ երբ «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարվեց, UTair-ն ազգային փոխադրող AirArmenia-ի դեմ սկսեց աշխատել նոր սակագներով. Ռոստով- Երևան թռիչքն արժեր 38 եվրո, իսկ Կրասնոդար- Սոչին՝ 29 եվրո: Թերևս նպատակն այն է, որ ոչ մի ընկերություն չկարողանա Հայաստանում ստեղծվել, և ամեն կերպ փորձել խեղդել այդ ընկերություններին: Ես այստեղ օրինաչափություն եմ տեսնում: Հիմա էլ երբ «Armenia»-ն է սկսում գործունեությունը, «Պոբեդան» է մեջ ընկել և նորից գներ է գցում: Իմ կարծիքով, սա պայքար է Հայաստանում ստեղծվող նոր ընկերության դեմ, անմաքուր պայքար»,- ասել է Հակոբ Ճաղարյանը:

      Նա ամեն դեպքում թերահավատ է, որ Հայաստանում կարող է 10 հազար դրամանոց տոմս վաճառվել: Ըստ Ճաղարյանի՝ դա ըստ երևույթին բազային արժեքն է, որին ավելանում է օդի, նավթի հարկը և վերջում կդառնա շուրջ 100 ԱՄՆ դոլար. «Ո՞նց է հնարավոր 10 հազար դրամով տոմս վաճառել, եթե միայն օդի հարկն է 10 հազար դրամ»:

  Նշենք, որ հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սրա վերաբերյալ մասնավորապես հայտարարել էր. «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա դա պետք է որ 7500 դրամ լինի։ Կարծում եմ, որ այդ գները կգործեն եւ դեպի Հայաստան ուղղությունների համար։ Հարց այն է, որ դա ֆիքսված գին չէ, այլ «սկսած»։ Կա վերին շեմ, որը չպետք է շատ բարձր լինի, եթե ընկերությունը ներկայանում է որպես բյուջետային»։

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 986 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0