Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 3 » ՊՆ հնարավորություններն ավելանալու են. Նախագահը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին
23:00
ՊՆ հնարավորություններն ավելանալու են. Նախագահը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին

    ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ Պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում:

    «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ:

    Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը և վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի և պատասխանատվությունը կրի պատվով: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատև և տքնաջան աշխատանքի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ իր մասնակցությունը, հետաքրքրությունը չի պակասելու Պաշտպանության նախարարության և ամբողջ զինված ուժերի հանդեպ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են նաև Պաշտպանության նախարարության հնարավորությունները: Նախագահը վստահություն է հայտնել, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պաշտպանունակությունը, Նախագահի խոսքով, միայն Պաշտպանության նախարարությունը չէ:

     Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ևս շատ մեծ պատասխանատվության զգացումով է կատարելու իր պարտականությունները և հաջողություններ է մաղթել նրան:

   Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է նախարար Վիգեն Սարգսյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ նշանակումների կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրն իր ողջ ներուժը կներդնի հայոց բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար: Սեյրան Օհանյանը խոսել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների, ինչպես նաև առաջիկա անելիքների ու գերակա խնդիրների մասին: Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և նախարարության ամբողջ աշխատակազմին համատեղ ծառայության համար:

Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. Պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին և գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշներն ու շտանդարտը:

Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար, ընդգծելով, որ իր համար՝ որպես Հանրապետության Նախագահի քաղաքական թիմակցի, մեծ պատիվ և պատասխանատվություն է Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելը և վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը այդ վստահությունն արդարացնելու համար:

ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը ևս շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծելով, որ ջանք չի խնայի շտաբի բոլոր աշխատակիցների հետ միասին իրենց ներդրումը բերելու հայկական զինված ուժերի հզորացման ու մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործին:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0