Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 2 » Փաշիկ Ալավերդյան. Մեկ օլիմպիական ուղեգիր ավելի ունենալու դեպքում էլ Աղասի Աղասյանին չէինք տանելու Ռիո
21:05
Փաշիկ Ալավերդյան. Մեկ օլիմպիական ուղեգիր ավելի ունենալու դեպքում էլ Աղասի Աղասյանին չէինք տանելու Ռիո

     Եթե նույնիսկ ևս մեկ օլիմպիական ուղեգիր լիներ, միեւնույն է, Աղասի Աղասյանին չէինք տանելու Օլիմպիական խաղերին: Այլևս չեմ ցանկանում մեկնաբանել Աղասի Աղասյանի՝ Օլիմպիական խաղեր չմեկնելու հարցը: Նա չէր կարող ընդգրկվել օլիմպիական թիմում:

       Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Ռիո-2016 Օլիմպիական խաղերում հայ ծանրորդների մասնակցությունը:

      5 ուղեգրով և մեկ պահեստայինով Օլիմպիական խաղերին մեկնած ծանրամարտի Հայաստանի թիմը Ռիո-2016-ում նվաճեց երկու արծաթե մեդալ: Օլիմպիական փոխչեմպիոն հռչավեցին 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

      «Հավաքականը դեռ մի քանի ամիս առաջ արդեն ձեւավորվում էր: Արդեն ամիսներ առաջ գիտեինք, թե ովքեր էին ներկայացնելու Հայաստանը Ռիո-2016-ում: Տղաների ոգեւորությունը մրցման ժամանակ շատ լավ էր: Մեզ միայն խանգարեց Անդրանիկ Կարապետյանի արմունկի վնասվածքը: Ես մտավախություն ունեի, որ Անդրանիկի վնասվածքը գուցե հոգեբանորեն կազդի մարզիկների վրա՝ տեսնելով, որ հենց մեկնարկում իրենց ընկերը վնասվածք է ստանում:

      Ես շատ գոհ եմ մեր մարզիկների արդյունքներից: Մենք ունենք երկու օլիմպիական փոխչեմպիոն: Մեր կազմը շատ լավն էր, ցավոք, թիմում չընդգրկվեց Տիգրան Մարտիրոսյանը, եւ եթե նա էլ լիներ, բոլորն էլ օլիմպիական մեդալների հավակնորդներ էին»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

     Անդրադառնալով Հայաստանի հավաքականի 85 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Աղասի Աղասյանի հայտարարությանը, որ Առաքել Միրզոյանի տեղն ինքը պետք է հանդես գար Ռիո-2016-ում, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց.

    «Ես Աղասի Աղասյանին վերաբերող հարցերին այլեւս չեմ ցանկանում պատասխանել ու պարզաբանել: Եթե նույնիսկ թիմում մեկ ավելի տեղ լիներ, այդ տեղում Աղասի Աղասյանը չէր լինելու: Նա չէր ընդգրկվելու օլիմպիական հավաքականում:

   Նա հայտարարում է, որ Հայաստանի առաջնությունում ինքը գերազանցել է Առաքել Միրզոյանին: Մարզիկը կարող է նույնիսկ 20-30 կգ-ով հաղթել Հայաստանի առաջնություններում, բայց դա միջազգային չափանիշներին չհամապատասխանի: 9 ամիս առաջ, երբ Առաքելը երկրորդ անգամ վիրահատվեց, ամեն ամիս սկսեց ավելացնել քաշերը: Մարտին նա մասնակցեց Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը, ապա Իրանի մրցաշարին՝ ավելացնելով նախորդ արդյունքը 10 կգ-ով, ապա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ կրկին ավելացրեց կիլոգրամները: Սա խոսում է այն մասին, որ մարզիկը աճ է գրանցում դեպի Օլիմպիական խաղեր:

     Աղասի Աղասյանը պատահական մարզիկ չէ, նա նույնիսկ ուսանողական խաղերից սկսած միշտ բարձր արդյունքներ է գրանցել, շատ մեդալներ ունի: Ես չկարողացա մինչեւ Օլիմպիական խաղերն ավելացնել նրա կիլոգրամները:

    Այդ տղայի մոտ ես չեմ կարողանում ավելացնել կիլոգրամները: Ես նրան ասացի՝ գնա, որտեղ ցանկանում ես մարզվի, կիլոգրամներդ ավելացրու եւ արի օլիմպիական թիմ: Երբ արդեն մնացել էր մեկ ամիս, նա իր կիլոգրամները ոչ թե ավելացրեց, այլ՝ 10 կգ էլ պակասեցրեց: Նա չէր կարող լինել օլիմպիական թիմի կազմում: Իսկ Առաքել Միրզոյանը ամիս-ամիս, օր-օրի իր կիլոգրամները բարձրացնում էր եւ ես մեծ ակնկալիքներ ունեի նրանից: Ցավոք, ոտքի վնասվածքը խանգարեց եւ նա զրո ստացավ»,- մանրամասնեց Փաշիկ Ալավերդյանը:

    NEWS.am Sport-ի հարցին, թե պահեստային Վանիկ Ավետիսյանը ինչո՞ւ նախքան ծանրորդների մեկնարկը Օլիմպիական խաղերում զրկվեց պահեստայինի կարգավիճակից, հավաքականի գլխավոր մարզիչը պատճառաբանեց, որ Ավետիսյանի մասնակցությունն այլեւս պետք չեկավ:

     «Մենք նրան տարել էինք որպես պահեստային: Մենք որոշել էինք, որ եթե Առաքելը վնասվածք ստանա, խնդիր առաջանար, Վանիկ Ավետիսյանը կփոխարինի նրան: Բայց Ռիոյում մարզումների ժամանակ հասկացանք, որ ոչ մի խնդիր էլ չի ունենալու Առաքելը, եւ Վանիկ Ավետիսյանին հանեցինք: Նա այլեւս որպես պահեստային պետք չեկավ: Բայց, ցավոք, Առաքելը զրո ստացավ ոտքի վնասվածքի պատճառով»,- հավելեց Փաշիկ Ալավերդյանը:

     Հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանեց նաեւ, թե ինչու Անդրանիկ Կարապետյանը հրում վարժության առաջին մոտեցումը սկսեց բարձր կիլոգրամներից:

    «Ես Եվրոպայում մարզչական եւ տեխնիական կազմի 8 անդամներից մեկն եմ: Մենք շրջում ենք Եվրոպայով եւ սովորեցնում, թե ինչպես, քանի կիլոգրամներով պետք է մարզիկներին մտցնել պայքարի մեջ: Արտահայտել չիմացածը սխալ է: Այստեղ սխալ մեկնաբանություններ հնչեցին, թե ինչու միանգամից գնացինք բարձր կիլոգրամի: Անդրանիկ Կարապետյանի պոկում վարժության 174 կգ-ից հետո պարզվեց, որ գրանցել է Եվրոպայի ռեկորդ:

     Որոշվեց,  որ Անդրանիկը պետք է հրում վարժությունը սկսի 195 կգ-ից: Նա մարզումների ժամանակ բարձրացրել էր 200 եւ ավելի կիլոգրամներ: Եթե Անդրանիկին ես ուղարկեի 190 կգ-ի, դա կնշանակեր, որ մենք հարաժարվում էինք մեդալներից: Առաջին իսկ մոտեցումով որոշեցինք նախ ապահովել մեր մեդալը, հետո նոր որոշել մեդալի գույնը: Ցածր կիլոգրամներով մենք կորցնելու էինք մեդալ նվաճելու հնարավորությունը, բայց ես ոչ մի անգամ չէի սպասում, որ նա կարող էր վնասվածք ստանալ: Ցավում եմ, որ կորցրեցինք մեդալը: Անդրանիկն ուժեղ մարզիկ է, եւ նա դեռ իր խոսքը կասի մեծ սպորտում:

    Ես շնորհակալություն եմ հայտնում հավաքականի նախորդ մարզիչներին՝ Պողոս Պողոսյանին ու մյուսներին, որ այսպիսի մարզիկներ են ինձ ընծայել: Այս հաջողությունները մեկ տարվա աշխատանք չէր ու միայն իմ աշխատանքը չէր»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

   Փաշիկ Ալավերդյանը նաեւ անդրադարձավ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Տիգրան Մարտիրոսյանին դոպինգի համար Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից զրկելու մասին որոշմանը:

     «Դոպինգ սկանդալները միայն մեր երկրին չեն վերաբերում: Այո, ցավոք ունենք դոպինգ: Դա 8 տարվա արդյունք է: Ես ոչնչով չեմ ցանկանում արդարացնել ոչ մարզիկներին, ոչ մարզիչներին: 2008 թվականին, երբ մարզիկները մտնում էին օլիմպիական ավան, անմիջապես տալիս էինք դոպինգ ստուգում: Դրանք պահվում էին: Այն ժամանակ, ինչ օգտագործել էին մեր մարզիկները, անխտիր բոլոր մասնակիցներն օգտագործում էին: Բանն այն է, որ այն ժամանակ չափաքանակը չէին կարողանում որոշել: Մարդիկ գնացել էին մրցումների մաքուր անալիզներով: Ես չեմ արդարացնում մեր մարզիկների օգտագործածն ու ստուգվածը: Սակայն այն ժամանակ բոլորն էլ օգտագործել են խթանիչներ եւ Օլիմպիական խաղերին մասնակից բոլոր ծանրորդներն էլ եղել են մի հարթության վրա:

       Ես քննադատում եմ Միջազգային Օլիմպիական կոմիտեի այս գործընթացը՝ դոպինգ ստուգումները 8 տարի անց: Եթե նրանք փորձում են ինչ-որ մեդալներ հետ վերադարձնել, ինչ-որ մեկին փոխանցել, պարտավոր են բոլորին ստուգել, անխտիր բոլորին: Ինչ է նշանակում երրորդ տեղի մեդալը վերցնել եւ տալ չորրորդ տեղին: Իսկ նրանք ստուգե՞լ են չորրորդ տեղի ծանրորդին: Ես սա համարում եմ որոշակի միտումնավորություն որոշ երկրների հանդեպ: Թող նույնիսկ զրո ստացածների անալիզները ստուգեին»,- եզրափակեց մարզիչը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 563 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0