Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 29 » Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները ևս 2-3 տարի պետք է սպասեն դպրոցի վերանորոգմանը (Տեսանյութ)
20:29
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները ևս 2-3 տարի պետք է սպասեն դպրոցի վերանորոգմանը (Տեսանյութ)

     Օլիմպիական չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանի անվան «Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներառվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում»:

     Այս առթիվ կառավարություն  Tert.am-ի ուղարկած հարցին ի պատասխան այս մասին ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը:

    Ըստ այդմ՝ «ծրագրվում է մշակել մարզադպրոցի վերակառուցման նախագծային փաստաթղթերը և նույն տարում սկսել շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն (իրականացվելիք ծրագրի մեծությունից ելնելով) 2018-2019 թվականներին»:

   Օլիմպիական չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խիստ անմխիթար վիճակի առթիվ Tert.am-ի հարցին ի պատասխան ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը ծրագիր ունի օլիմպիական չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցի հիմնանորոգման կամ նոր շենք կառուցելու համար:

   Ընդ որում՝ մարզադպրոցի հիմնանորոգումը առաջնահերթ ծրագրերում է արդեն երեք տարի։ «Համայնքն այդքան գումար չունի դպրոցի վերանորոգումն իրականացնելու համար: Դպրոցի վերանորոգումը կառավարության առաջնահերթության ծրագրում է, այսինքն՝ առաջնահերթությունը տրվելու է այդ դպրոցի վերանորոգմանը»,-ասել էր խոսնակը:

     Tert.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը 3 տարի չի կատարում առաջնահերթ ճանաչված ծրագիրը և ինչո՞ւ չի նորոգվում խայտառակ պայմաններում գործող մարզադպրոցը և ո՞վ է պատասխանատու առաջնահերթ համարված ծրագրի չկատարման համար, կառավարությունը փաստացի չի պատասխանել՝ հարցը ուղարկելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:

    Նշենք, որ Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ռիոյի օլիմպիադայի օրերին այցելել էր օլիմպիական չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գյումրու մարզադպրոց ու տեսանկարահանել «այնտեղ տարիներ ի վեր տիրող խայտառակ վիճակը»:

 

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0