Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ. ԱՆ
18:42
Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ. ԱՆ

     Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն:

      Կարևոր է դպրոցականների տանը և դպրոցում նստարանի առջև ոչ  ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին: Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք  աշակերտական նստարանի   մոտ: Բացի այդ  սովորողներին պետք է ցույց տալ ոչ ճիշտ նստելու դեպքում  կեցվածքի շեղումները ցուցադրող աղյուսակներ:

      Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝

1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն,

2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն,

3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին,

4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ,

5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա,

6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին:

    Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը:

    Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների: Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։

    Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը:  Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել:

   Երեխաների առողջության համար կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 167 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0