Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » «Նոր հայեր» թիմն ՈՒՀԱ-ի հոբելյանական թողարկմանը մրցանակի է արժանացել (Տեսանյութ)
11:59
«Նոր հայեր» թիմն ՈՒՀԱ-ի հոբելյանական թողարկմանը մրցանակի է արժանացել (Տեսանյութ)

     Հանրահայտ ու սիրված «Նոր հայեր» («Новые армяне») թիմն Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) հոբելյանական թողարկմանն արժանացել է մրցանակներից մեկին: Խաղի ավանդական գավաթը հոբելյանի առիթով դարձել է երեք՝ խաղի հապավման տառերին համապատասխան՝ КВН: «Նոր հայերն» արժանացել են «В» տառին համապատասխան գավաթին, «Н» տառով գավաթին արժանացել է Պյատիգորսկի հավաքականը, իսկ «К» տառով գավաթի հաղթողը դարձել է «Ուտոմլոննիյե սոլնցեմ» («Утомленные солнцем»)  թիմը:

    Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող հեռուստաշոուի 55-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում, որին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տոնական գավաթի համար բեմում պայքարել են հայտնի խմբերը՝ «Մաքսիմում» («Максимум»), «Պիրամիդա» («Пирамида»), ՌՈՒԴՆ (РУДН), «Նոր հայեր», «Մեգապոլիս» («Мегаполис»), «Մախաչկալինսկիյե բրոդյագի» («Махачкалинские бродяги»), «Ուրալսկիյե պելմենի» («Уральские пельмени»), «Ուտոմլոննիյե սոլնցեմ» («Утомленные солнцем») թիմերը, Պյատիգորսկի և Դաղստանի հավաքականները։

     Այս տոնական հաղորդման ժյուրիի կազմը նույնպես հատուկ է եղել՝ Կոնստանտին Էռնստ, Յուլի Գուսման, Իվան Դեմիդով, Անտոն Կոմոլով, Գենադի Խազանով, Դմիտրի Նագիև, Ալեքսանդր Շիրվինդտ:

    «Ուղիղ 55 տարի առաջ եթեր դուրս եկավ առաջին թողարկումը: Տարիների ընթացքում ՈՒՀԱ-ի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Առաջին ալիքի լեգենդար ծրագիր, բացի այդ, մեծ երիտասարդական շարժում, որը վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից: Այսօր այն խաղում են ավելի քան 10 միլիոն տաղանդավոր, խելացի երիտասարդներ ամբողջ աշխարհում»,- ասված է հեռուստաալիքի կայքում:

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 541 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0