Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչի անցկացման և զորացրման մասին
12:28
Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչի անցկացման և զորացրման մասին

   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։

   Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

  «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ.

   1. 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

      2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

    3. 2017 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

  4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

     5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

     6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ»

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0