Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » ՄՕԿ-ը չեղարկեց Խուրշուդյանի օլիմպիական արդյունքները
12:24
ՄՕԿ-ը չեղարկեց Խուրշուդյանի օլիմպիական արդյունքները

    Միջազգային օլիմպիական կոմիտեն, ի թիվս լոնդոնյան օլիմպիադայի ծանրամարտի մրցումների 12 մրցանակակիրների, որակազրկել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է ապահովել մարզուհու նվաճած բրոնզե մեդալի վերադարձը: Ընդ որում, ՄՕԿ-ը նշում է, որ մարզուհին եւ ՀԱՕԿ-ը բացարձակապես չեն արձագանքել նախկին դոպինգ նմուշների վերստուգման գործընթացին մասնակցելու բազմաթիվ հրավերներին:

     Դոպինգային անբարենպաստ ցուցանիշներ ունեցողների ցանկում հայ մարզուհու անունը հայտնվել էր դեռ հուլիսի վերջին: Այդ մասին համապատասխան տեղեկատվություն էր տարածել ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Նշվում էր, որ նրա օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոնի (տուրինաբոլ) և ստանոզոլոլի հետքեր: Այդ պատճառով Խուրշուդյանը նույնիսկ չմասնակցեց Ռիոյի օլիմպիադային: Միաժամանակ, միջազգային ֆեդերացիան հայտնում էր, որ բացահայտված դեպքերի վերաբերյալ որոշումներ կկայացնի դրանց վերաբերյալ ՄՕԿ-ի վճռից հետո: Այնպես որ, հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե քասախցի մարզուհուն ինչպիսի պատժաչափ կսահմանի մարզաձևի միջազգային կառույցը:

    Իսկ մինչ այդ, ՄՕԿ-ը իր կարգապահական կոմիտեի որոշման արձանագրությունում մանրամասնել է բոլոր մարզիկների համար ընդհանուր վերստուգման գործընթացը՝ ներկայացնելով ուշագրավ փաստեր: Ներածականում նշվում է, որ 2012-ի օգոստոսի 5-ին Խուրշուդյանը օլիմպիական խաղերում դարձել է կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգի բրոնզե մեդալակիր: Նույն օրը նա դոպինգ ստուգման համար հանձնել է մեզի նմուշ, որը ստացել է 2721851 նույնականացման համարը: Այն ստուգվել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) հավատարմագրված Լոնդոնի լաբորատորիայում, որն այն ժամանակ խախտումներ չի հայտնաբերել: Օլիմպիադայի ավարտին բոլոր դոպինգ նմուշները տևական պահպանման համար փոխանցվել են նույնպես հավատարմագրված Լոզանի լաբորատորիային: Հետագայում, ելնելով արգելված դեղամիջոցների օգտագործումը հայտնաբերող մեթոդների կատարելագործումից, ՄՕԿ-ը որոշել է վերստուգում անցկացնել: Դրանով էլ Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել է վերոնշյալ դեղամիջոցների առկայությունը: Այդ մասին տեղյակ են պահվել ՄՕԿ-ը և նրա նախագահ Թոմաս Բախը:

    Կազմակերպությունն էլ առաջնորդվելով իր կանոնակարգի համապատասխան կետերով՝ ստեղծել է կարգապահական հանձնաժողով, որի նախագահն է ՄՕԿ-ի իրավաբանական կոմիտեի անդամ շվեյցարացի Դենիս Օսվալդը, և գործերի հանձնաժողով, որի անդամներն են Գունիլա Լինդբերգը (Շվեդիա) և Ուգուր Էրդեները (Թուրքիա):

Նյութի աղբյուրը՝ haymedia.am

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 612 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0