Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 26 » Լուրջ պատերազմական գործողություններից Ադրբեջանն իրեն հեռու կպահի. Արմեն Մանվելյանը ադրբեջանական տնտեսության հետընթացի մասին
21:46
Լուրջ պատերազմական գործողություններից Ադրբեջանն իրեն հեռու կպահի. Արմեն Մանվելյանը ադրբեջանական տնտեսության հետընթացի մասին

      Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը, վերլուծելով ադրբեջանական տնտեսությանը սպառնացող հետընթացը, ճշմարիտ համարեց այն պնդումը, որ երբ այնտեղ առաջանում են սոցիալական խնդիրներ, սրացումներ են տեղի ունենում նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

     «Ադրբեջանը միշտ էլ փորձում է իր ներքին բողոքներն ուղղորդել դեպի արտաքին թշնամիներ։ Երբ որ ներքին խնդիրներ են առաջանում, արտաքին թշնամին դառնում է շատ ակտուալ»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ դա նավթային երկրներին բնորոշ վարքագիծ է:

    Կայքը հիշեցնում է, որ ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն պետական բյուջեի նախագծի հանրային քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի 2017 թվականի պետբյուջեի նախագիծը վկայում է, որ դա վերջին 10 տարվա ընթացքում ամենավատ բյուջեներից մեկն է: Տնտեսագետը նշել է, որ այն կազմում է 9 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավել: Իբադօղլուն նաև հիշեցրել է, որ ամենամեծ բյուջեն եղել է 2013 թվականին՝ 25 միլիարդ դոլար: «Ներկայիս ցուցանիշները վկայում են, որ Ադրբեջանը չի զարգանում, այլ հետընթաց է գրանցում»,- ասել է նա:

      Արմեն Մանվելյանը ևս մատնանշել է, որ այս պահի դրությամբ ներկայացված 2017 թվականի բյուջեն՝ մոտավորապես 16 միլիարդ մանաթի չափով, վերջին 5 տարվա ամենափոքր բյուջեն էր: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ նա նկատեց, որ ադրբեջանական բյուջեն 25 միլիարդից իջել է մինչև 9 միլիարդի:

     «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բյուջեն 70-80 տոկոսով ձևավորվում է նավթի վաճառքից։ Քանի որ նավթի գներն ընկել են, այս տարի իրենք իրենց արտաքին առևտուրը կփակեն 8 միլիարդ դոլարով, իսկ 5 տարի առաջ իրենց արտաքին առևտրաշրջանառությունը մոտավորապես 32 միլիարդ դոլար էր: Փաստորեն՝ նավթի արտահանման ծավալները մնացել են նույնը, բայց եկամուտները 4 անգամ քչացել են: Սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում և՛ ներքին կյանքում, և՛ Ադրբեջանի համար խնդիրներ են ստեղծում արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է Արմեն Մանվելյանը՝ մատնանշելով, որ Ադրբեջանը լուրջ ծրագրեր ունի գազային և նավթային համագործակցությունների առումով՝ նշելով, որ բյուջեից, օրինակ, պետք է ֆինանսավորվի TANAP-ը և այլ ծրագրեր, և դրանց համար օգտագործվող գումարների քչացումը կնշանակի տարածաշրջանում Ադրբեջանի ռազմավարական դերի նվազեցում:

     Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի տնտեսության թուլացումն ազդում է նաև սպառազինության համալրման վրա: «Արդեն սպառազինության գնման վերաբերյալ մի քանի պայմանագրեր չեղյալ են հայտարարվել՝ հատկապես Իսրայելի հետ կնքվելիքները: Նշանակում է, որ նա ի վիճակի չէ գումարներ վճարելու: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը վճարման խնդիր ունի Ռուսաստանից գնված սպառազինությունների հետ կապված: Այլ բան է, որ նա կփորձի սպառազինությունների մրցավազքի պատճառով ռազմական բյուջեն բարձր պահպանել: Արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մինչև 2 միլիարդ մանաթանոց ռազմական բյուջե ձևավորել»,- ասել է նա:

     Արմեն Մանվելյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական մանաթը շարունակում է անկում ապրել, և երբ խոսում ենք բյուջեի մասին, պետք է նկատի ունենալ այդ պահին մանաթի կուրսը:

    Ադրբեջանի տնտեսության անկումը, ըստ փորձագետի, նաև իմիջային խնդիր կառաջացնի նրա համար. ժամանակին նավթի շնորհիվ կարևոր խաղացող էր տարածաշրջանում, հիմա նավթի գների անկումով պայմանավորված՝ առավել քիչ կարևորություն և նշանակություն ունի այլ երկրների համար:

    «Վերջին տարիներին նաև Արևմուտքից է անընդհատ հնչում քննադատություններ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ»,- նկատել է նա:

    Արմեն Մանվելյանը, անդրադառնալով իր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ Ադրբեջանի տնտեսության հետընթացի ֆոնին սահմաններում լարվածություն ստեղծվի, նշեց, որ խոսքը միայն լարվածության մասին է, լուրջ պատերազմական գործողություններից Ադրբեջանն իրեն հեռու կպահի:

    «Իհարկե, մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ միշտ հավանականություն կա, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, բայց պետք է նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանում կան բավականին խոշոր նավթային ներդրումներ, և այդ ներդրումները պատկանում են միջազգային խոշոր ընկերությունների, և ադրբեջանցիները լրջագույն կախում ունեն այդ ներդրումներից: Ռիսկի գնալը և մեծամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը կնշանակի ռիսկի տակ դնել այդ ներդրումները: Ադրբեջանը նման քայլի չի դիմի: Իրավիճակը սրելու քաղաքականությունը գուցե վարի, ինչպես ապրիլին եղավ, բայց պատերազմ սկսելու հավանականություն չկա»,- ասել է նա:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 211 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0