Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացման դիմաց. Էպիֆանցև
22:53
ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացման դիմաց. Էպիֆանցև

   Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել փոխզիջումների արդյունքում: Tert.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևը՝ խոսելով Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև տեղի ունենալիք հանդիպման մասին: Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է կարգավորվի «պարտվողներ չկան» սկզբունքի հիման վրա: Էպիֆանցևը նաև նշեց, որ Մոսկվան ունի հակամարտությունը լուծելու տեսլական, որն ամրագրված է այսպես կոչված «Լավրովյան պլան»-ում:

    - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայում 2 օրից սպասվում է քննարկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննարկվելու են հակամարտության կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Ինչո՞վ է պայմանավորված ռուսական կողմի այսչափ հետաքրքրվածությունը խնդրի նկատմամբ, ի՞նչ հրատապ հարցերի մասին է, Ձեր կարծիքով, խոսում Զախարովան:

    - Ռուսաստանի հետաքրքրվածությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում միանգամայն հասկանալի է. կոնֆլիկտում ներգրաված են կողմեր, որոնք Ռուսաստանը բարեկամանական է համարում, ռազմավարական: Դրա համար Ռուսաստանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու պետությունները չպատերազմեն, որպեսզի ՌԴ-ն երկու պետությունների հետ էլ բարեկամական հարաբերություններ պահպանի: Բացի այդ, իհարկե, սա ազդեցության հարց է: Ռուսաստանն ունի ազդեցիկ արտաքին քաղաքականություն ու թույլ չի տա, որ հակամարտության կարգավորումը լինի Արևմուտքի ձեռքում: Զարմանալի կլիներ, որ ռուսական միջամտությունն այս հարցում չլիներ:

       Ինչ վերաբերում է «հրատապ» հարցերին, ապա դժվար է խոսել այդ մասին, երբ բանակցությունները գաղտնի են ընթանում: Կողմերը համաձայնության չեն հանգել, դեռևս ընդհանուր հայտարար ձևավորված չէ, ու բանակցողները ոչինչ չունեն հայտարարելու իրենց ժողովուրդներին: Նման պայմաններում ցանկացած քննարկվող սուր հարցի հրապարակայնացում կարող է բողոքի ալիք բարձրացնել, սխալ ընկալվել: Ուստի «հրատապ» հարցերը գաղտնի են պահվում: Ամեն դեպքում, ես կարող եմ ենթադրել, որ խոսքը կրակի դադարեցման մասին է, սահմանային լարվածության նվազման, փոխզիջումների մշակման ու հաստատման: Ռուսաստանի տեսլականը փոխզիջումների վերաբերյալ գծագրվել էր օրերս, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունից պարտվողներ պիտի չլինեն:

      - Բայց այդպես լինո՞ւմ է, որ պարտվողներ կամ հաղթողներ չլինեն:

     - Լինում է: Եթե այդպես չլինի կողմերից մեկն իրեն հաղթող կզգա ու հարց կառաջանա՝ Հայաստանը, օրինակ, վստա՞հ է, որ հաղթողը հենց ինքը կլինի, կունենա՞ այդքան ռազմական ուժ, որ պահի իր դիրքերը, հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը չի սատարի ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու տարբերակը: Մենք ականատեսը եղել ենք, որ Հայաստանին ակնկալվող քաղաքական մեթոդներով չի աջակցել ոչ միայն ՀԱՊԿ-ը՝ իր հայտարարություններով, գնահատանքներով, այլև՝ միջազգային հանրությունը, որը հրաժարվեց Ադրբեջանի կողմից նախաձեռնված ապրիլյան գործողությունները որակել որպես ագրեսոր պետության գործողություններ: Ուստի մնում է կամ գնալ զիջումների կամ հեռանկարում ունենալ եղածն էլ կորցնելու տեսլականը: Իսկ փոխզիջումների, կարծում եմ, հնարավոր է հասնել:

    - Հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցները շատ են գրում այսպես կոչված «Լավրովյան պլանի» մասին, որ Մոսկվան կպարտադրի Ադրբեջանին հանձնել ԼՂ հարակից 5 շրջանները՝  Արցախի կարգավիճակի դիմաց: Որքանո՞վ է այս զարգացումը իրական: 

      - Կարծում եմ, որ սխալ եք մեջբերում այդ փաստաթուղթը: «Լավրովյան պլան»-ը որևէ մեկը չի տեսել, բայց որքանով ես գիտեմ, այն ենթադրում է հետևյալը. ԼՂ հարակից 5 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, բայց ոչ թե կարգավիճակի դիմաց, այլ՝ Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա սահմանների բացման: Որևէ կերպ Ղարաբաղի կարգավիճակի քննարկում այս պահին լինել չի կարող: Դա կլինի միայն շրջանների վերադարձից ու սահմանները բացելուց հետո: Դա բանակցությունների հաջորդ փուլն է:

   - Տպավորություն է, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել հակամարտության կարգավորումը, իսկ Արևմուտքը կարծես պասիվացել է: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված ուժերի նման բաշխումը, հիմնահարցը տրվել է լուծելու Մոսկվայի՞ն:

      - Դժվար հարց է: Չեմ կարող պնդել, որ հակամարտությունը լուծելու ջանքերը կենտրոնացած են Ռուսաստանի ձեռքում: Տարբեր տարիներին հակամարտության կարգավորման հարցում ակտիվացել են համանախագահ պետություններից որևէ մեկը: Ամեն դեպքում, նրանք բոլորն էլ մեկ նպատակ ունեն՝ հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 704 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0