Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Կարեն Կարապետյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին
19:13
Կարեն Կարապետյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին

  Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ԱԺ-ում վարչապետին հարցրեց, թե ինչ վերաբերմունք ունի իր և Թևան Պողոյանի՝ բավականին աղմկահարույց նախաձեռնության մասին, որով առաջարկվում է, որ 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչները պետք է գնան բանակ՝ բացառությամբ արվեստում, գիտությունում, մշակույթում և սպորտում, միջազգային ասպարեզներում որոշակի հաջողություններ գրանցած երեխաների: Գրում է aravot.am-ը:

   Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կա երկու տեսակետ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում տարկետում տալ, թե չէ. «Նախկին ՊՆ նախարարը, օրինակ, համարում էր, որ տարկետումից հետո վերադառնալով՝ զինվորական կազմը բավականին գիտակից է և բանակին դա օգուտ է: Թե որ տարբերակն է ճիշտ, ես չգիտեմ բայց գիտեմ, որ խաղի կանոններ պետք է հստակ կիրառվեն բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնենք»:

    ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ կառավարության ծրագիրը հավակնոտ գնահատեց և հարցրեց՝ ունե՞նք այդքան ռեսուրս, որ իրականացվի այն, ինչ գրված է ծրագրում: Կարեն Կարապետյանն ասաց, որ ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ օրն արդեն կառավարության անդամները պետք է գործի անցնեն: Վարչապետն ասաց, որ գիտակցում է՝ բիզնեսը կարող է զգուշություն ցուցաբերել՝ մտածելով, որ առջևում ընտրություններ են, սպասենք տեսնենք ընտրություններից հետո ինչպես իրենց կդրսևորեն իշխանությունները. «6-7 ամսվա մեջ բիզնեսը հաջորդ օրը սառը դուշ կընդունի և ոգևորված կսկսի՞ աշխատել՝ չգիտեմ: Հույս ունե՞մ՝ երևի»:

    Վարչապետն ասաց, որ իսկապես բարձր նշաձող են դրել, բայց այլ ելք չունեին էլ՝ մոտիվացիա էր պետք. «Ոչ իրագործելի ծրագիր չենք գրել, պոպուլիզմով չենք ուզել զբաղվել»: 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1101 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0