Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 22 » Կարեն Կարապետյանի նկատողությունը Լևոն Մկրտչյանին Գյումրու մանկավարժականի կարգավիճակի փոփոխությանը վերաբերող հարցի շուրջ
17:07
Կարեն Կարապետյանի նկատողությունը Լևոն Մկրտչյանին Գյումրու մանկավարժականի կարգավիճակի փոփոխությանը վերաբերող հարցի շուրջ

     Երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը: Այս մասին գրում է 1in.am-ը:

    «Վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ, և երբ թիմը վերջնական ձևավորվի, յուրաքանչյուր նախարարի հետ իր ոլորտի մասին կխոսենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

      Կ.Կարապետյանը հետաքրքրվեց, թե այդ որոշմամբ ի՞նչն է փոխվում կառավարման և կանոնների մեջ, սակայն Մկրտչյանի պատասխանները, թե՝ ինստիտուտները ՊՈԱԿ-ներ էին, հետո ձևավորվեցին հիմնադրամներ, որ ավելի ազատ լինեն ֆինանսավորման մեջ, կրկին չբավարարեցին վարչապետին:

      «Ի՞նչ թույլ չի տալիս այսօրվա կառավարման համակարգը, որ թույլ է տալիս առաջարկվողը»,- հարցը վերաձևակերպեց Կ.Կարապետյանը:

     Լևոն Մկրտչյանը մանրամասնեց, որ կառավարումն է փոխվում, հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ, և լուրջ աշխատանքի պարագայում՝ կարող են իրականացնել լուրջ ֆինանսավորում, ներդրումներ անել և համագործակցել, և աշխարհում ընդունված ձև է:

    «Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ, բայց եկեք ընդունենք, հետո վերանայենք,- ընդառաջ գնաց վարչապետը և հավելեց,- Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3458 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0