Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 27 » «Իսկանդերը» թույլ է տալիս պատերազմի վերսկսման պատասխանատվությունն ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին. Հայկ Քոթանջյան
15:50
«Իսկանդերը» թույլ է տալիս պատերազմի վերսկսման պատասխանատվությունն ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին. Հայկ Քոթանջյան

Ռուսաստանի Դաշնության կողմից «Իսկանդերի» տրամադրումը բխում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների էությունից և կիրառական տեսանկյունից հանգեցրել է այդ զենքի տրամադրմանը:

Այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային գիտական կոնֆերանսին «Շրջակա միջավայրի անվտանգության խնդիրները» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանը` պատասխանելով հարցին, թե սպառազինության տրամադրումը քաղաքական առումով ինչ է նշանակում:

«Երևի հայտնություն չեմ անի. դրա հետ մեկտեղ դա զսպման պաշար է, որը հնարավորություն է տալիս մեզ պատերազմի վերսկսումը, դրա հետևանքների պատասխանատվությունն ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին: Սա զսպիչ ռեսուրս է»,-ասաց Հայկ Քոթանջյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի դասերը՝ անվտանգային համակարգերի զարգացումը պետք է համապատասխանեցվի ժամանակակից չափանիշներին:

«Պետք է ասեմ, որ մեր ղեկավարությունը՝ Պաշտպանության նախարարության, ակտիվորեն կատարելով իր պարտականությունները, շարունակում է ղեկավարել ոլորտը։ Դուք տեսնում եք, որ Սեյրան Օհանյանը, օրինակ, և՛ շատ կարևոր միջոցառումներ է անցկացնում, և՛ դրա հետ մեկտեղ պարբերաբար լինում է առաջին գծում, հանդիպում զինվորականության, սպայակազմի հետ»,-ասաց Հայկ Քոթանջյանը:

Հարցին էլ թե, այնուամենայնիվ, եթե իշխանությունը Սեյրան Օհանյանին փոփոխելու անհրաժեշտություն է տեսնում, ուրեմն` ստացվում է, որ նա չի կատարել իր առջև դրված պարտականությունները, Հայկ Քոթանջյանը պատասխանեց` ասելով. «Ես չեմ կարող նման գնահատական հրապարակել, ես համոզված չեմ , որ նման գնահատական ունի մեր պետության ղեկավարը»:

Նշենք, որ համաժողովին մասնակցող ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով նույն թեմային՝ ասել էր. ««Իսկանդերի» վաճառքը Ռուսաստանի կողմից Հայաստանին նշանակում է, որ երկկողմ հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական»։

Նա նաև նշել էր, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են։

Համաժողովին ունեցած ելույթում դեսպանը նաև հայտարարեց, որ երկու երկրները 21-րդ դարում անցնում են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխությունների շրջան, ինչը նշանակում է, որ հասարակությունների առաջ դրված է նոր՝ սպառնալիքներին ու վտանգներին միասնական հակազդելու մարտահրավեր:

«Ակնառու է միջազգային ահաբեկչության էսկալացիան, նարկոթրաֆիկինգ, կոռուպցիա, միջազգային տեղեկատվական անվտանգության: ՀԱՊԿ անդամները շարունակում են համակարգված գործել արտաքին-քաղաքական դիրքերում՝ փորձելով գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ»,-հայտարարեց դեսպան Վոլինկինը:

Ըստ նրա` շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգության միջազգային կոնկրետ ռազմավարությունը հրամայական է:

Նյութի աղբյուր՝ tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 266 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0