Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » «Իսկանդերները» Ռուսաստանից հասել են Հայաստան. «Վեդոմոստի»-ի անդրադարձը
20:52
«Իսկանդերները» Ռուսաստանից հասել են Հայաստան. «Վեդոմոստի»-ի անդրադարձը

       Անցած ուրբաթ սոցիալական ցանցերում հայտնվել են Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի փորձի ժամանակ արված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի լուսանկարները, գրում է tert.am-ը, հղում անելով  «Ведомости» թերթին:

      Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից լրատվամիջոցին մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, իսկ «Ռոսօբորոնէքսպորտ» («Рособоронэкспорт») ընկերության ներկայացուցչի հեռախոսը չի պատասխանել: Սակայն «Իսկանդեր» համալիրի մատակարարումը հաստատել են ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի մենեջերները՝ հստակեցնելով, որ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը դրա հետ կապ չունի. այն ձեռք է բերվել ՀԱՊԿ-ում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա՝ շրջանցելով ռուսական պետական միջնորդին:

        Լրատվամիջոցը նշում է, որ անցած տարվա վերջին իրավական տեղեկատվության ռուսական պաշտոնական կայքում հրապարակվել է սպառազինություն գնելու համար 200 միլիոն դոլարի չափով վարկի մասին ռուս-հայկական համաձայնագրի հավելվածը: Այդ փաստաթղթում «Իսկանդեր» համալիրը չի հիշատակվել, և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության մենեջերի խոսքով՝ դրա մատակարարման պայմանագիրը կնքվել է առանց այդ վարկի միջոցների:

           Ինչպես նշում է կայքը, մինչ այժմ բարձր ճշգրտության և հեռահար համակարգը (արտահանման տարբերակի գործողության հեռավորությունը հասնում է մինչև 280 կիլոմետրի) չի հաջողվել արտահանել ոչ մի երկիր: 2005 թվականին ստորագրվել է Սիրիա «Իսկանդեր»-ի մատակարարման մասին պայմանագիր, սակայն այն չի իրականացվել՝ Իսրայելի կառավարության խնդրանքով:

       Գնդապետ Վիկտոր Մուրախովսկու խոսքով՝ «Իսկանդեր» համալիրի նվազագույն հնարավոր միավորը չորս արձակման կայաններով դիվիզիոնն է (յուրաքանչյուրից երկուական հրթիռ): Կարելի է ենթադրել, որ այդ քանակությունն էլ մատակարարվել է Հայաստանին, ասել է փորձագետը: Հրթիռը կարող է համալրվել ինչպես բեկորա-ֆուգասային, այնպես էլ կասետային մարտական տարրերով և արդյունավետ միջոց է հրամանատարաշտաբային կետերին և հրետանային դիրքերին հարվածելու համար, հավելել է Մուրախովսկին:

         «Իսկանդեր»-ն այդ առումով հետաքրքիր է հայկական բանակին: Ադրբեջանին Ռուսաստանից, Ուկրաինայից և Իսրայելից համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգերի մատակարարումներից հետո Հայաստանի մոտ մտահոգություններ են առաջացել, որ դրանք կօգտագործվեն բնակավայրերին հարվածներ հասցնելու նպատակով, ասել է թերթի աղբյուրը։ Ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել էր «ավերիչ» հարված հասցնել Ստեփանակերտին: «Ведомости»-ի զրուցակցի խոսքով՝ «Իսկանդեր» համալիրը կարող է լուրջ զսպող միջոց դառնալ այդ պլանների իրականացման համար:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 713 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0