Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Ի՞նչ պատվաստումներ են արվում Հայաստանում զորակոչիկներին
13:03
Ի՞նչ պատվաստումներ են արվում Հայաստանում զորակոչիկներին

  Հայաստանում զինվորական ծառայության անցնելուց առաջ երիտասարդները ստանում են բոլոր պատվաստումները, որոնք կարող են պաշտպանել փակ տարածքներում դյուրությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություններից: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշեց Հայաստանի Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:

    Մասնագետի խոսքով՝ այժմ զորակոչիկներին պատվաստում են մենինգոկոկային և պնևմոկոկային վարակների, հեպատիտ A-ի, տուլարեմիայի, դիֆտերիայի, փայտացման, ինչպես նաև կարմրուկի, կարմրախտի և պարոտիտի դեմ:

   Արդեն երկու տարի է՝ այս բոլոր պատվաստումներն արվում են ոչ թե բանակ զորակոչվելուց անմիջապես առաջ, այլ նախապես, պլանային կարգով: Դա երիտասարդների օրգանիզմին հնարավորություն է ընձեռում հանգիստ պայմաններում իմունիտետ արտադրել հիվանդությունների դեմ, մյուս կողմից՝ պատվաստումից հետո հնարավոր բոլոր ռեակցիաները տանն են ի հայտ գալիս, այլ ոչ թե ծառայության վայրում: Սա, իր հերթին, թույլ է տալիս խուսափել հետագա բարդություններից: Մասնագետի խոսքով՝ ռեակցիաներ և բարդություններ (օրինակ՝ ջերմություն) վերջին 2 տարիներին հազվադեպ են արձանագրվում. ընդամենը մի քանի նման դեպք է գրանցվել:

     Գայանե Սահակյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը բերվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով: Զորակոչիկներին պատվաստվող բոլոր պատվաստանյութերն արտադրված են Եվրոպայի երկրներում՝ բացառությամբ տուլարեմիայի, որն այսօր միայն Ռուսաստանում է արտադրվում:

Նյութի ազբյուրը՝ NEWS.am Medicine

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0