Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 23 » Հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության խնդիրները (Ֆոտոշարք)
14:19
Հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության խնդիրները (Ֆոտոշարք)

 Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ից 22-ը, աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա խնդիրները, ճշգրտվել են այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ են հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու և զսպման ու հակազդման մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները: Այնուհետև Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ:

Բանակի խորացված հրամանատարական կետում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը անդրադարձել է այն հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել Արցախի Հանրապետության պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:

Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից:

Այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը ԼՂՀ ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել են նաև ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետևել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել և ճաշել են անձնակազմի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար և ներկայացրել այն նոր մոտեցումները, որոնք ընկած կլինեն հայկական զինված ուժերի հետագա զարգացման հիմքում:

Աշխատանքային այցի ավարտին Վիգեն Սարգսյանը, Մովսես Հակոբյանը և Միքայել Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 153 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0