Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
12:36
Հոլիվուդում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը

   Հոլիվուդում բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Այս մասին գրում է yerkirmedia.am-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին:

        «Ֆրանսիացի երգող լեգենդ Շառլ Ազնավուրին` 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկին, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում, հոկտեմբերի 27-ին պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից»,- գրում է լրատվամիջոցը: Ազնավուրը, ում հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», նշել է, որ «խորապես զգացված է»:

     «Ես տարիներ ի վեր գալիս եմ Հոլիվուդ, Միացյալ Նահանգներում շատ եմ աշխատել: ԱՄՆ-ն շոու-բիզնեսի երկիրն է»,- AFP գործակալությանն ասել է մեծն շանսոնյեն:

     Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Ազնավուրն ասել է. «Շատ զվարճալի է այն, որ Թուրքիան կորցրել է ինչ-որ բան: Նրանք չունեն անգամ մեկ հայտնի երգիչ, և ես կարող էի լինել Թուրքիան ներկայացնող երգիչ, սակայն այսօր ես ներկայացնում եմ Ֆրանսիան: Այս ամենը ցույց է տալիս, որ ցեղասպանության իմաստ չկա, քանի որ միշտ լինում են վերապրածներ»,- ասել է նա:

      Daily Mail-ը նշում է, որ 80 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը գրել է հարյուրավոր երգեր, աշխարհում վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնագրություններ: Նա շարունակում է մնալ էներգիայով լի և նշում, որ բազմության առաջ դեռ հուզմունք է զգում: «Կարծես հանդիպելիս լինեմ իմ ընտանիքին` անկախ հանգամանքից, թե նրանք իտալացի են, իսպանացի, թե որևէ այլ երկրից: Հանդիսատեսն իմ ընտանիքի մասն է: Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ ամենաերջանիկն եմ զգում»,- ասել է Ազնավուրը:

       Շանսոնյեն ընդգծել է, որ իր անելիքները դեռևս ավարտված չեն: «Ես միշտ առջևում ունեմ 40 երգ: Ես ամեն օր գրում եմ»,- ընդգծել է նա:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 518 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0