Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 26 » ՀՀ–ում տեղումներ կսկսվեն՝ ձյան, թաց ձյան և անձրևի տեսքով. Գագիկ Սուրենյան
13:07
ՀՀ–ում տեղումներ կսկսվեն՝ ձյան, թաց ձյան և անձրևի տեսքով. Գագիկ Սուրենյան

         Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, հանրապետության տարածքում ջերմային օդի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանը պայմանավորված Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքների՝ կբարձրանա  8-10 աստիճանով: Այս մասին գրում է tert.am-ը։

    Ըստ նրա, Արարատյան դաշտում կլինի ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհավասարվի լեռնային շրջանների ջերմաստիճանին:

     Լճացումը, ըստ Սուրենյանի, կցրվի՝ փրկության հասած Կիպրոսյան ցիկլոնի շնորհիվ: «Արդեն  30-ին կնկատվի  ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք և 30-ից 1-ը ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում  8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում -8,-10 աստիճան է, արդեն  դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին  ակնկալել  0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, որովհետև դեկտեմբերի 1-ից տեղումներ են սկսվելու»,-ասաց նա և նշեց, որ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի:  

     Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ: «Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում , տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և  անձրևի տեսքով»,-ասաց նա:  

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 1075 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0