Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 19 » ՀՀ-ում անցանկալի SMS-ներ ստանալու գործընթացը կկանոնակարգվի
20:49
ՀՀ-ում անցանկալի SMS-ներ ստանալու գործընթացը կկանոնակարգվի

  ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քայլեր է ձեռնարկում հեռախոսներով անցանկալի հաղորդագրություններ ստանալու գործընթացը կարգավորելու համար: Գրում է tert.am-ը:

    Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխություն է նախատեսվում, որով կկարգավորվի խանութներից կամ տարբեր կառույցներից քաղաքացիների հեռախոսահամարներին sms հաղորդագրություններ ստանալու գործընթացը:

   «Արդեն հստակ օրենքի պահանջ կդրվի, որով կնշվի, որ արգելվում է, առանց քաղաքացիների իմացության, հաղորդագրություններ ուղարկել, և եթե քաղաքացին ինչ-որ պահի չի ցանկանում այդ կառույցից կամ խանութից հաղորդագրություն ստանալ, ապա պետք է հնարավորություն ունենալ դա կարգավորել: Թե չէ ստացվում է, որ սպառողը կրակն է ընկնում, երբ գնում է մի խանութ, այնտեղ առաջարկում են տվյալները թողնել՝ զեղչերի մասին տեղեկություն ուղարկելու համար, սակայն պարզվում է, որ այդ խանութն ընդգրկված է ինչ-որ մեծ խոշոր խանութների ցանցում, և սպառողն արդյունքում դառնում է այդ խանութների գովազդային արշավների զոհը»,-ասաց Շուշան Դոյդոյանը:

    Նա ընդգծեց, որ նման հաղորդագրություններ ստանալուց հրաժարվելը պետք է լինի մատչելի, բջջային հեռախոսով կամ ինտերնետով մի քանի գործողություն կատարելով:

  Շուշան Դոյդոյանի խոսքով, գործակալությունը քայլեր է ձեռնարկում նաև քաղաքի տարբեր հատվածներում տեսանկարահանումների գործընթացը կարգավորելու համար:

    «Այսօր գրեթե ցանկացած վայրում՝ խանութ լինի, թե` բնակելի շենք, մենք տեսահսկվում ենք, և այդ տեսահսկման 90 տոկոսն իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության կանոնների»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

  Նա տեղեկացրեց, որ իրենց գործակալությունն այդ ոլորտը կարգավորելու համար մշակել է համապատասխան ուղեցույց, որում հանգամանալից ներկայացված է տեսահսկում իրականացնողների պարտականությունները: Մասնավորապես, ըստ այդ կանոնների, տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ չի կարող փոխել տեսահսկում իրականացնելու նպատակը` առանց իրազեկելու:

     «Օրինակ` եթե գործատուն աշխատավայրում տեսահսկում է իրականացնում և այդ մասին իրազեկում է աշխատակիցներին՝ նշելով, որ այն իրականացվում է բացառապես շենքի անվտանգությունն ապահովելու համար, ապա չի կարող այդ տեսագրությունն այլ նպատակով կիրառել: Ասենք, այդ տեսանկարահանումը հիմք ընդունել և աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել ուշանալու համար: Այսինքն` անձնական տվյալներ մշակելու ընթացքում նպատակը չի կարող փոխվել` առանց իրազեկելու անձնական տվյալների սուբյեկտին»,- հավելեց Շուշան Դոյդոյանը:

  Նա նշեց, որ օրենքով այդ ամենը կարգավորվում է և կառույցը համապատասխան դրույթները խախտելու դեպքում կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության,  սակայն գործակալությունն առայժմ չի ցանկանում տուգանելու ճանապարհով գնալ:

  Գործակալությունը նախ նպատակ է դրել տեսանկարահանում իրականացողների շրջանում համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել: Իրավիճակը չշտկվելու դեպքում նոր կկիրառվի տուգանքի մեթոդը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 144 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0