Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 29 » ՀՖՖ նախագահ. Որքան էլ մարզիչը ցանկանա, թույլ չեմ տա Յուրա Մովսիսյանին հրավիրել հավաքական
17:28
ՀՖՖ նախագահ. Որքան էլ մարզիչը ցանկանա, թույլ չեմ տա Յուրա Մովսիսյանին հրավիրել հավաքական

    Հայաստանի հավաքական չեն կարող հրավիրվել Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել նրանց, ես թույլ չեմ տալիս:

     Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, Վանաձորից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

      «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ընտրությունը կանգ է առել Արթուր Պետրոսյանի վրա, քանի որ նա այս տարիների ընթացքում բավական լավ մարզչական փորձ է ձեռք բերել, ունի է PRO կարգ: Բացի այդ, Արթուր Պետրոսյանը եղել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, և ես գտնում եմ, որ ժամանակն է՝ նա գլխավորի մեր հավաքականը:

      Ես Արթուր Պետրոսյանին առաջարկեցի քառամյա պայմանագիր, բայց նա հրաժարվեց: Նրա հետ կնքել ենք երկու տարվա պայմանագիր: Արթուրը նշեց, որ ընտրական փուլի ավարտից հետո նոր կվերանայենք պայմանագիրը:

      Այն ֆուտբոլիստները, որոնք կխախտեն Հայաստանի հավաքականի կարգուկանոնը, վնաս կտան մեր թիմին, չեն հրավիրվի: Բացառությամբ այդպիսի ֆուտբոլիստների, հավաքականի մարզիչը կհրավիրի բոլոր նրանց, ում տվյալ պահին կհամարի անհրաժեշտ: Իսկ իմ նշած կանոնները խախտող ֆուտբոլիստները հավաքական չեն հրավիրվի իմ անձնական ցանկությամբ: Ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, կարող եմ թույլ չտալ նման ֆուտբոլիստներին հանդես գալ ազգային հավաքականում, որքան էլ թիմի գլխավոր մարզիչը կամենա: Հայաստանի հավաքական չեն կարող հրավիրվել Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը: Ինչքան էլ մարզիչը ցանկանա հրավիրել նրանց, ես թույլ չեմ տալիս:

      Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ես չգիտեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի գլխում ինչ կա, ինչ է մտածում, ինչպես է մտածում, որ Հենրիխին չի խաղացնում: Մխիթարյանն ինքն էլ չգիտի, ես հարցրել եմ, թե ինչն է պատճառը: Նա լավ մարզավիճակում է, լավ մարզվում է, բայց ինչու չի խաղացնում, պատճառը չգիտի ոչ ոք»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

    ՀՖՖ նախագահը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի ղեկն այլևս չի վստահելու արտասահմանցի մարզիչի.

   «Հայաստանի ազգային հավաքականն այլևս արտասահմանցի մարզիչ չի գլխավորի: Երբ օտարերկրացի ֆեդերացիայի նախագահ կունենաք, թող նա էլ արտասահմանցի գլխավոր մարզիչ հրավիրի Հայաստան: Ցանկություն չունեմ արտասահմանցի մարզիչ բերել Հայաստանի հավաքական: Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ դա միայն վնաս է տալիս հավաքականին: Երբեք մեր հավաքականն օգուտ չի ստացել արտասահմանցի մարզիչներից: Արթուր Պետրոսյանը երկար տարիներ խաղում էր դրսում, 10 տարի է մարզչական գործունեությունով է զբաղված, փայլում է: Ունենք Միշել Տեր-Զաքարյան, որը փայլուն հայ մարզիչ է: Եթե համաձայներ, մեծ հաճույքով նրան կնշանակեի հավաքականի գլխավոր մարզիչ»,- նշել է Հայրապետյանը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 628 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0