Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի և Սևաստոպոլի վերաբերյալ բանաձևի նախագծին
17:27
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի և Սևաստոպոլի վերաբերյալ բանաձևի նախագծին

     ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում A/C.3/71/L26 բանաձևի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այն սկզբունքներով և նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում: Այս մասին գրում է tert.am-ը։

     Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»։

    ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ «սույն բանաձևի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձևին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձևի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»:

      «Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմ» է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձևի նախագծին»,- ասվում է ՀՀ մշտական ներկայացուցչության հայտարարության առնչությամբ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0