Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 9 » Գյումրու քաղաքապետարանում հաստիքների կտրուկ փոփոխություն է տեղի ունենալու. armtimes.com
20:18
Գյումրու քաղաքապետարանում հաստիքների կտրուկ փոփոխություն է տեղի ունենալու. armtimes.com

     Վաղը` նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու եւ Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը N 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

    Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից:

    Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից`տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ:

    Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646:

     Առաջին հայացքից թվում է, թե հանրապետականների բարձր հովանու ներքո քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանն օպտիմալացման է գնում, տնտեսված գումարով էլ համայնքային խնդիրներն է լուծելու:

     Սակայն տեղի ունեցող կրճատումների հիմքը ոչ թե դրայվոտ վարչապետի հորդոր-հանձնարարականն է, այլ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունները. ավելի հստակ` Գյումրու ավագանու ընտրությունները:

    Armtimes.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ`կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ է: Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին` Բալասանյանին: Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար:

   Ըստ նույն աղբյուրների՝ Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա է լարված, պայթյունավտանգ իրավիճակ: Աշխատակազմը ճամբարների է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են:

      Նույնիսկ քաղաքապետարանում ոչ բոլորին են հասանելի ազատվողների անունները: Ցուցակը հույժ գաղտնի է պահվում: Տեղեկացված են միայն Բալասանյանին նվիրված հավատարիմները:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 1426 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0