Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 10 » Գյումրու քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը. «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը
13:22
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը. «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը

        Գյումրու ավագանիում քիչ առաջ կայացավ ավագանու առաջին նիստը: Չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը, նիստը վարող Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ նիստը կայացած է, որովհետև առաջին նիստին ներկա է ավագանիների կեսից ավելին՝ 17-ը: Գրում է tert.am-ը:

    «Բալասանյան» դաշինքի ավագանին միաձայն ու ծափահարություններով ընդունեց Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու որոշումը ու նրան հռչակեց Գյումրու քաղաքապետ:

     Ավելին՝ Բալասանյանը օրը պատմական անվանեց՝ ասելով, որ, իհարկե, լավ կլիներ, որ իրենց գործընկերները մասնակից լինեին, որովհետև «բոլորի ծրագրերում կային օգտակար դրույթներ Գյումրին շենացնելու համար»:

     3 կուսակցությունների բոյկոտի պարագայում Գյումրու ավագանին առաջին նիստում հաստատեց նաև օրակարգը: «Գիտեք, որ քաղաքականացված է մարմինը, այսինքն՝ փոքր ԱԺ-ի պես պետք է մենք աշխատանք ծավալենք և լինելու են տարբեր  խմբակցություններ, խմբակցության ղեկավար, քարտուղար»,- ասաց Բալասանյանը:

   Գյումրու ավագանու առաջին նիստը բավական կարճ տևեց ու ելույթ ունեցավ միայն Բալասանյանը:

       Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 10-ին:

       Ըստ Բալասանյանի՝ այդ ընթացքում ավագանու կանոնակարգը և բյուջեն կընդունեն:

     «Ավելի լավ է, որ հիմա բոլոր խմբակցությունները միանան ու իրենց առաջարկությունները կատարեն: Բարի երթ Ձեզ»,-հայտարարեց Բալասանյանն ու դահլիճից հեռացավ նվագախմբի հնչյունների ներքո: 

       Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը և որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից:

  «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մամուլում տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաև Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:

       Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցավ թիվ 34 ԸԸՀ նիստ և Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ.  Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 2288 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0