Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Գյումրիում տեղի է ունեցել Տիգրան Մանսուրյանին նվիրված ստեղծագործական երեկո
12:06
Գյումրիում տեղի է ունեցել Տիգրան Մանսուրյանին նվիրված ստեղծագործական երեկո

    Գյումրու «Սև բերդ» ամրոցում հնչել են մանսուրյանական մեղեդիներ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Պրոֆ» պրոդաքշնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում անցկացվեց  ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Այս մասին գրում է tert.am-ը։

    Երեկոյին մասնակցել են  Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն),Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

     Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել էին նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

  Երեկոն մեկընդմեջ համեմվում էր սիրված կոմպոզիտորի հիշողություններով, իսկ Տիգրան Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ շատ  բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից ընտանիքը ներգաղթում է Հայաստան՝ Շիրակ: Հայաստանում առաջին տարիներն ապրում է Պեմզաշեն գյուղում, ապա 1947-ին տեղափոխվում Արթիկ, որտեղ,ինչպես ինքն է ասում, սովորեց հայ գիրն ու առաջին անգամ Արթիկի կուլտուրայի տանը ծանոթացավ երաժշտական   գործիքի հետ:

      «Արթիկն իմ համար շատ սիրելի է: Երաժշտական գործիքի հետ իմ առաջին ծանոթությունը նույնպես եղել է Շիրակում: Իմ՝ ժողովրդական երգի հանդեպ սերը նաև Հառիճավանքից է, երբ կիրակի օրերին գնում էի կանաչ-կարմիր կիրակիներին մասնակցելու: Հրաշք էր: Այստեղ եմ առաջին անգամ 1954 թվականին հանդիպել Արամ Խաչատրյանին՝ դա մի անմոռանալի երաժշտական տոն էր: Ինձ համար Գյումրին իմ հոգու ամենամեծ հարստությունն է: Գյումրին ինձ այնքան ջերմություն ու քաջալերանք է տվել»,-իր խոսքում նշել է Տիգրան Մանսուրյանը:

    Արթիկով Տիգրան Մանսուրյանի կապը Շիրակ աշխարհի հետ չավարտվեց՝ առաջին երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Գյումրում: Այս քաղաքի հետ ևս հիշողությունները բարի ու երանելի են:

     Մեր ժամանակների մեծանուն կոմպոզիտորի մեծությունը  ոչ միայն նրա՝ տարածում գտած եզակի գործերի, ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների վեհության մեջ է, այլ նաև այն բանի, որ Մանսուրյանը միշտ մնաց այնպիսին, ինչպիսին կա, երբեք չփոխեց իր «շապիկը», մնաց գեղջկական ու կոմիտասյան« ժողովրդական ու ազգային ստեղծագործությունների պրիզմայի մեջ՝  նշում են լեգենդի ընկերները: Ֆիլմերում հնչած մանսուրյանական երաժշտությունը մեկ այլ աշխարհ է՝ Փարաջանով-Մանսուրյան, Ա.Մկրտչյան-Մանսուրյան, Հ.Մալյան-Մանսուրյան՝ արդյունքում անմոռանալի ոÖ ‚ երբեք չծերացող գործեր« որոնք ասես յուրաքանչյուրի հոգուց է բխում:

     «Խորապես հուզված ու հիացած եմ: Արվեստ սիրող քաղաքի ընտրանին էր այսօր  այստեղ: Իմ համար տոն էր: Սա մեծ հարստություն է: Կփորձեմ այս օրն իմ հետ միշտ ունենալ:Գյումրին իր բառ ու բանով, արվեստ սիրելու իր նվիրվածությամբ մշտապես սահման չճանաչող մի երևույթ է: Այստեղ իսկապես հարգանք կա արվեստի ու արվեստի մարդու նկատմամբ ու միշտ թև է տալիս արվեստագետին»,-«Արմենպրես»-ին իր տպավորությունները ներկայացրել է Տիգրան Մանսուրյանը:

     Երեկոյի ավարտին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լեգենդար Մանսուրյանին նվիրել է Գյումրին խորհրդանշող «Կլկլանը»՝ Գյումրու մի կտորը միշտ իր հետ ունենալու համար:

    Երեկոն ավարտվել է ֆիլմերում հնչած մանսուրյանական անմոռանալի  երաժշտությամբ՝ անձամբ մաեստրոյի կատարմամբ: Ինչպես մաեստրոն, այնպես էլ  գյումրեցին երկար կհիշի այս մշակութային տոնը:

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0