Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 5 » Գյումրիում մահացած երեխան ֆուտբոլ էր պարապում, երբեք առողջական վիճակից չի գանգատվել
17:22
Գյումրիում մահացած երեխան ֆուտբոլ էր պարապում, երբեք առողջական վիճակից չի գանգատվել

   Գյումրիում հոկտեմբերի 4-ին ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 11-ամյա Սարգիսը սպորտով էր զբաղվում, երբեք չի գանգատվել առողջական վիճակից: Այս մասին NEWS.am-ին պատմել են թիվ 21 դպրոցի ուսուցիչները, որոնց աշակերտն է եղել մահացած դպրոցականը:

  Մասնավորապես, Սարգիսի դասղեկը՝ Նինա Ասլանովան, նշել է, որ երեխան ֆուտբոլով էր զբաղվում, ժիր էր ու շատ աշխույժ:

     «Սարգիսն աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, հոյակապ երեխա էր, դաստիարակված, երբեք չի դժգոհել առողջական վիճակից: Թե ինչ եղավ րոպեների ընթացքում Սարգիսի առողջականի հետ, չեմ կարող ասել, ամբողջ դպրոցը ցնցված է»,- ասաց դասղեկը:

    11-ամյա տղան ֆուտբոլ պարապում էր քաղաքի ֆուտբոլի մարզադպրոցում: Տնօրեն Անդրանիկ Ադամյանի պատմելով, Սարգիսն իրենց մոտ հաճախում էր շուրջ 3 տարի եւ բավականին մեծ առաջընթաց է ունեցել սպորտում: Նշենք, որ Սարգիսը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանի եղբորորդին էր:

      «Այդ երեխան մեր ամենաուժեղներից էր ոչ միայն սպորտի մեջ, այլև առողջապես էլ, ձիգ ու աշխույժ երեխա էր, հայտնի ֆուտբոլիստի ընտանիքի լավ պահած ու դաստիարակված երեխա էր, մեր ապագա չեմպիոնն էր: Զարմացած եմ, քանի որ ինքը միշտ առողջ է եղել, խնդիրներ չեն եղել, ու երբեք ոչ մի պարապմունքից չի բացակայել: Ցավ ենք ապրում»,- ասաց Անդրանիկ Ադամյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2275 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0