Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 20 » Գյումրիում կայանալու է PES 2016-ի Շիրակի մարզի բաց առաջնություն
15:35
Գյումրիում կայանալու է PES 2016-ի Շիրակի մարզի բաց առաջնություն

   Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում, Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կայանալու է PES 2016-ի Շիրակի մարզի բաց առաջնություն։ Այն իր ձևաչափով իրականանալու է Գյումրիում արդեն երկրորդ անգամ։

     Կիբերսպորտը բազմաթիվ խաղացողների միաժամանակյա մասնակցությամբ համակարգչային խաղերի մրցույթ է: Այսպիսի մրցաշարերը ընդունված և մեծ հեղինակություն են վայելու ամբողջ աշխարհում, որտեղ կիբերսպորտով զբաղվողների թիվը հասնում է միլիոնների․ մասնավորապես Ռուսաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան հայտարարել է իր 60 միլիոներորդ մասնակցի մասին։

 Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիա ՀԿ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի պարզաբանմամբ Հայաստանում մինչև վերջերս շատ քչերը գիտեին, թե ինչ է կիբերսպորտը․

    «Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի գյուղական ու քաղաքային համայնքների երիտասարդների համար նպաստել ժամանցի այլընտրանքային ժամանակակից տարբերակով կազմակերպման հնարավորություններին: Շատերը մտածում են, որ համակարգչային խաղերը ոչ մի լավ բանի չեն բերի, բայց նաև պետք է ընդունել, որ խաղում են բոլորը և արգելելով ոչ մի հարց չի լուծվի։ Մենք որոշեցինք ինչ-որ դրական երանգ տալ այս ամենին։ Այս ծրագրի միջոցով նպատակ ունենք չզբաղված երիտասարդներին կտրել «փողոցային կյանքից» և ներգրավել ավելի քաղաքակիրթ առօրյա»,- IGyumri.com-ի հետ զրույցում ասաց Մրցույթի կազմակերպչական խմբի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

        Ծրագրի նպատակներից է նաև ապահովել շփումների, կապերի հաստատման ու հաղորդակցության բարենպաստ միջավայր երիտասարդության տարբեր շերտերի, իշխանության ու գործարար աշխարհի ներկայացուցիչների համար: Ծրագրի առաջնային թիրախ են համարվելու Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների 96 երիտասարդները, ովքեր համարվում են ոչ զբաղված և ունեն ազատ ժամանցի ապահովման խնդիր: Մրցույթին մասնակցելու համար կան որոշակի կանոններ և նախապայմաններ․

        «Կանոններ սահմանելով մենք հետևում ենք առողջությանը, այսինքն մեզ մոտ մասնակիցները պետք է լինեն առողջ ապրելակերպ վարողներ, նրանք պետք է չծխեն և ալկոհոլ չօգտագործեն։ Տեսեսք բոլորն իրենց համակարգիչներով խաղում են իրենց տանը, օգուտ չտալով ո՛չ իրենց, և ո՛չ էլ իրենց երկրին։ Իսկ այս դեպքում կստեղծվի ակումբ, թիմ և դրա միջոցով հնարավորություն կունենա գումար վաստակել և գումար բերել իր երկիր։ Այսինքն որքան կարողանանք ստեղծել լավ, ուժեղ թիմեր այդքան լավ կլինի և՛ խաղացողների, և՛ մեզ, և՛ մեր երկրի համար»,- պարզաբանեց Գրիգոր Հովհաննիսյանը։

         Մրցույթին բարձր արդյունքներ ցույց տված մասնակիցները հնարավորություն կունենան դուրս գալ միջազգային հարթակներ։

        Այս առաջնությանը մասնակցելու են 96 խաղացող։ Մրցույթի կազմակերպչական խմբի ղեկավարը նշում է, որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն անհամեմատ ավելի մեծ է․

   «Անցած առաջնությանը մասնակցել են 64 հոգի, այս անգամ 96 մասնակից կունենանք, բայց ցանկացողները 400-ից ավել են։ Ուղղակի մեր ֆինանսական ռեսուրսներն ու ժամանակը չի ներում, որպեսզի բոլորին ներգրավենք մրցաշարին»,- մանրամասնեց Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի ՀԿ նախագահը։

       Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիա ՀԿ նախագահը IGyumri.com-ի հետ զրույցում նշեց, որ ըստ ներքին կանոնադրության մրցաշարին մասնակցելու համար պարտադիր նախապայման է 16 տարին լրացած լինելը։

  Առաջնությունը կանցկացվի ֆուտբոլային կանոններով՝ խմբային փուլից մինչև եզրափակիչ։ Խմբային փուլի խաղերը կտևեն 10 րոպե յուրաքանչյուր մրցակցի հետ 1 խաղ, իսկ եզրափակիչը և 3-րդ տեղի համար խաղերը կտևեն 20 րոպե։ Յուրաքանչյուր մասնակից ունի իրավունք ընտրել մեկ ակումբ կամ հավաքական և այդ թիմով խաղալ մինչև եզրափակիչ։ Իսկ ոչ կոռեկտ պահվածքի տեպքում կգրանցվի տեխնիկական պարտություն, կրկնվելու դեպքում էլ կհեռացվի մրցաշարից։

    Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-4-ը, մասնակիցները մրցելու են ճապոնական արտադրության PES 2016 համակարգչային խաղով։ Մրցաշարի կազմակերպիչները սպասում են հյուրերի նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։

Հեղ․՝ Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ հեղինակի և Armenian Cybersport Federation ֆբ էջի

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 643 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0