Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 26 » «Գյումրին համամարդկային մշակույթի կենտրոն է, որը ներկայանալու և ներկայացնելու խնդիր ունի»․ Շիրակի Բազե (Տեսանյութեր)
18:19
«Գյումրին համամարդկային մշակույթի կենտրոն է, որը ներկայանալու և ներկայացնելու խնդիր ունի»․ Շիրակի Բազե (Տեսանյութեր)

   Շիրակի բազեն՝ Արսեն Վարդանյանը, որպես Գյումրու ակտիվ երիտասարդության ներկայացուցիչ՝ որոշել է ողջ աշխարհին պատմել իր բնակավայրի մասին։

         Արսենը հասարակ սմարթֆոնով տեսանյութեր է պատրաստում Շիրակի մարզի տեսարժան, պատմական վայրերի մասին, որոնք հայտնի են թերևս միայն շիրակցիներին։ IGyumri.com-ը հետաքրքրվեց, թե ինչն է դարձել պատճառ, որ Արսենը սկսել է զբաղվել այդ հանրօգուտ և գեղեցիկ ձեռնարկով։

     «Կարևոր նշանակության մի քան պատմամշակութային վայրեր այցելելուց հետո որոշեցի տեսանյութեր պատրաստել այդ վայրերի մասին, քանի որ մտածեցի՝ դրանք շատ կարևոր են և ունեն համամարդյաին նշանակություն։ Լուսանկարներով և տեքստերով, կարծում եմ՝ մի փոքր դժվար է ավելի շատ բան պատմել տվյալ վայրի մասին։ Կան մարդիկ, որոնք խուսափում են երկար տեքստեր ընթերցելուց։ Տեսանյութերն էլ շատ երկար չեն՝ 1-3 րոպե տևողությամբ»,- պարզաբանում է Արսեն Վարդանյանը։

      Արսենի հիմնական և առաջնային նպատակը ունիկալ և կարևոր վայրերի մասին տեղեկություն տալն է։ Այս նախաձեռնությունը հեղինակը չի համարում տուրիստական քայլ, այլ իմացական փոքրիկ քայլ, ուղղակի մարդկանց իրազեկելու Շիրակի «գանձերի» մասին։

    Արդյունքները շատ չուշացան։ Այլ մարզերց, ինչպես նաև Երևանից խմբեր են դիմում Արսենին, որպեսզի նա փոքրիկ էքսկուրսիաներ կազմակերպի նրանց համար․

    «Մենք, հենց նոր, 22 հոգանոց խումբ հետ ուղարկեցինք Երևան։ Չնայած եղանակային ցուրտ պայմաններին տարբեր մարզերի երիտասարդներ մեքենա են վերցրել և Երևանից ժամանել Գյումրի։ Շատ կարևոր է, որ մեր տարիքի 20-25 տարեկան երիտասարդներ, ովքեր երբևէ չէին եղել Գյումրիում, եկան, Գյումրին ճանաչեցին այնպես ինչպես գյումրեցի երիտասարդները ցանկանում էին ներկայացնել իրենց հասակակից երիտասարդներին։ Ճիշտ է՝ երկրաշարժից հետո մնում են հետևանքներ, բայց այժմ Գյումրիում ապրում է պայքարող երիտասարդի ավյուն ունեցող սերունդ»,- IGyumri.com-ի հետ զրույցում ասում է Արսենը։

    Գյումրեցի երիտասարդները հյուրերին պատմում են գյումրվա արվեստի նմուշների, հնուց եկած կոլորիտային ավանդույթների, մարդկանց մասին հյուսված լեգենդների, մականունների, փողոցների, շեն-շինությունների՝ առաջին Օպեռայի շենքի, առաջին Պետհամալսարանի, Գյումրիում նկարահանված ֆիլմերից հայտնի բակերի ու բալկոնների մասին։

       «Գյումրին համամարդկային մշակույթի կենտրոն է, որը ներկայանալու և ներկայացնելու խնդիր ունի։ Մենք շատ համեստ ներդրում ենք արել, սա չի կարելի համարել, որ տվյալ ոլորտում մենք դառնում ենք մրցակից, սա ուղղակի հարգանքի և սիրո դրսևորում է։ Տեսանյութերում տեքստերը նույնիսկ խմբագրված չեն։ Դրանք շատ բնական և անմիջական տեքստեր են, չկա ինչ-որ լրագրողական խմբագրումներ, բարբառային, անմիջական․ միտքը որոշ դեպքերում կիսատ է մնում, որոշ տեղերում ոճաբանական սխալներ կարող են նկատվել։ Այսինքն իմ խնդիրը զուտ տեղեկատվություն տալն է»,- բացատրում է Արսենը։

       Նա կարծում է, որ Հայաստանի մարզերի բնակիչները շատ կտրված են միմյանցից և, եթե մյուս մարզերի երիտասարդներն էլ հանդես գան նմանատիպ նախաձեռնություններով՝ իրար ճանաչելու գործն ավելի դյուրին կլինի։

        «Այստեղ շատ քիչ բան գիտենք Վանաձորի մասին, Դիլիջանում քիչ բան գիտեն Գորիսի մասին։ Տարիներ շարունակ մի փակ համակարգ է ձևավորվել, դա կապված է սոցիալական վիճակի հետ․ մարդիկ հնարավորություն չունեն իրենց ժամանցը կազմակերպել հանրապետության տարբեր հատվածներում։ Կարծում եմ՝ սա կապված է ենթակառուցվածքների կամ համապատասխան հանրային տրանսպորտային միջոցների բացակայության հետ։ Մենք ինտերնետն ենք օգտագործում որպես հզոր միջոց մեր մարզը ներկայացնելու համար։

      Օրինակ՝ հանրապետության տարածքում հանքային ջրեր միայն Ջերմուկը չէ, որ ունի։ Շատ ու շատ վայրերում կարելի է նմանատիպ վայրեր գտնել, նույնիսկ՝ մեր մարզում։ Այս ամենը պետք է օգտագործել, ցույց տալ, որ մարդիկ իմանան և ցանկություն ունենան անձամբ տեսնել տվյալ վայրը»,- նկատում է Արսենը։

      Շիրակի Բազեն գտնում է, որ այն հայը, որը գիտակցում է, թե որտեղ է ապրում, ինչ հարստությամբ է շրջապատված, երբեք արտագաղթելու ցանկություն չի ունենա՝ անգամ սոցիալական վատ պայմանները խթան չեն կարող հանդիսանալ․

     «Նրանք գիտեն, որ իրենց երկիրն էլ է այնքան սիրուն, այնքան լավը, ինչքան որ մյուսները փորձում են գտնել Եվրոպական ինչ-որ երկրում։ Միանշանակ ինֆորմացիայի պակաս կա։ Որովհետև չի կարող 5000 տարվա պատմություն, հարուստ մշակույթ, ավանդական երգ ու պար ունեցող երկիրը պարզապես դառնալ առաջինն՝ արտագաղթի մեծ տեմպեր ունեցող երկրների շարքում»,- եզրափակում է Արսեն Վարդանյանը։

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները, տեսանյութերը՝ Արսեն Վարդանյանի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 996 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0