Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 2 » Գազի սակագնի սուբսիդավորման մեջ «բլեֆ» կա. Արամ Մանուկյան
18:09
Գազի սակագնի սուբսիդավորման մեջ «բլեֆ» կա. Արամ Մանուկյան

    Գազի սակագինը նվազեցնելու մասին քայլը քաղաքական է: Դա ընտրություններին միտված քայլ է, որը իշխանությունը կատարում է տնտեսության հաշվին:

    Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի»՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկվելիք հայտին՝սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: Այս մասին գրում է tert.am-ը։

    Հարցին, թե սա ժամանակավո՞ր քայլ է նախընտրական շրջանում, Արամ Մանուկյանն ասաց. «Ծրագրում գրված է, որ սա ժամանակավոր ծրագիր է և աշխատելու է որոշակի ժամանակ: Հաջորդը՝ գազի գինը չի էժանացել սպառողի համար, պարզապես փոխվել է վճարողը: Ես նոր եմ ճշտել, որ այն 105 000 ընտանիքները, որոնք սպառելու են մինչ 600 խմ գազ տարեկան և օգտվելու են զեղչերից, նրանց ծախսած գազի սակագինը վճարելու է Կառավարությունը»:

      Բացի այդ, Արամ Մանուկյանն ասաց, որ գազի սակագնի իջեցման համար քայլեր Կառավարությունը չի նշում. «Այն ճանապարհները, որոնք բերում են գազի սակագնի էժանացմանը, ծրագրում չկան: Մենք տարիներ շարունակ առաջարկել ենք այն տարբերակները, որոնցով կարելի է էժանացնել գազի սակագինը՝ դա «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների աշխատավարձերի ֆոնդի կրճատումն է, դա սահմանի վրայի գինն է, դա կորուստների նվազեցումն է, եկամուտների քչացումն է: Այսինքն՝ ճանապարհները, որոնցով կարելի է իսկապես գազի սակագինը նվազեցնել, այս որոշման մեջ չկան»:

  Ավելին, Արամ Մանուկյանի խոսքով, երբ Կառավարությունն է սուբսիդավորում անապահով ընտանիքների վճարները, ապա այդտեղ շահում է «Գազպրոմը», որովհետև ստանում է երաշխավորված վճարումներ:

     Բացի այդ, Մանուկյանի խոսքով՝ իրենց տարբերակներով կարող է շահել տնտեսությունը, և սպառումը կարող է ավելանալ, որովհետև ակնհայտորեն վերջին տարիներին գազի սպառումը զգալիորեն նվազում է:

   ՀԱԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ 5 անգամ գազի սակագնի թանկացում է եղել այն դեպքում, երբ միջազգային շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գազի սակագինը նվազել է 2,5 անգամ:

     Բացի այդ, Արամ Մանուկյանն ասաց, որ սուբսիդավորման մեջ «բլեֆ» կա. «Եթե թոշակառուն խնայում է, ամառվա ամիսներին չի անցնում ամսական 50խմ-ի սահմանը, իսկ ձմեռվա ամիսներիn անցնում է ամսական սահմանած շեմը, ամառվա քիչ ծախսածների համար վճարում չի ստանում: Այսինքն` դու կարող ես տասը ամիս խնայել, բայց եթե երկու ամիս անցնում ես սահմանը, պիտի վճարես: Այստեղ բլեֆ կա»:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0