Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 11 » Եթե քաղաքական ուժը ցանկանում է հայտնվել ԱԺ-ում, ունի 3 ճանապարհ, իսկ ժողովրդի մոտ չարժե գնալ. Արմեն Բադալյան
23:01
Եթե քաղաքական ուժը ցանկանում է հայտնվել ԱԺ-ում, ունի 3 ճանապարհ, իսկ ժողովրդի մոտ չարժե գնալ. Արմեն Բադալյան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին օրինակին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես այն կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։ Բադալյանն ասաց, թե այն ուժը, որը ցանկանում է հայտնվել ԱԺ-ում, ունի երեք ճանապարհ՝ գնալ Մոսկվա, Վաշինգտոն, կամ էլ Բաղրամյան 26: «Միակ տեղը, որ չարժե գնալ, դա ժողովրդի մոտ է»,-ասաց նա:

- Պարո՛ն Բադալյան, Քրիստ Մարուքյանին պաշտպանելու հուշագիրը ստորագրած երեք ուժերի ներկայացուցիչները քիչ է մնում երդվեն, որ քվեարկել են համաձայն հուշագրի, սակայն ունենք այն, ինչ ունենք՝ Վանաձորի քաղաքապետ է հանրապետական թեկնածու Մամիկոն Ասլանյանը, ինչո՞ւ այդպես ստացվեց:

-Ստացվեց այնպես, ինչպես ստացվեց շատ սովորական պատճառով՝ ընտրակաշառքը դերակատարություն ունի շարքային ընտրողներին շահագրգռելու գործում. այս դեպքում գործեց նաև ավագանու որոշ անդամների դեպքում, իհարկե՝ ավելի մեծ գումարներով:

-Ինչքան էլ երեք ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդարանա, այդ թվում՝ նաև «Լուսավոր Հայաստանը», չե՞ք կարծում, որ այստեղ կոլեկտիվ պատասխանատվության խնդիր կա։

-Այստեղ ոչ թե կոլեկտիվ պատասխանատվության խնդիր կա, այստեղ կա թիմակիցներ ընտրելու սկզբունքը, ոչ միայն կուսակցության անդամների, այլ նաև քո դաշնակիցներին ընտրելու խնդիրը կա: Խնդիր է նաև այն, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանափոխություն անել, որովհետև ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, սա երկրորդ խնդիրն է։ Իսկ երրորդն այն է, որ ընտրողները շատ կարճ հիշողություն ունեն, մոռանում են այն, ինչ տեղի է ունեցել նախորդ ընտրությունների ընթացքում և շատ գեղեցիկ ձևով կարող են գնալ ընտրել այն ուժերին, որոնք շատ կարճ ժամանակ առաջ պաշտոններ են նախընտրել ստանալ: Այստեղ կա կոմպլեքս մեղավորության հարց, և լավ կլինի հետագայում ավելի լուրջ մոտենալ, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանում ընտրությունների մեխանիզմը չի աշխատում:

-Երեք ուժերը, նախապես ունենալով հաղթանակի հեռանկար, տապալվեցին: Հիմա, կոնկրետ Վանաձորի օրինակով, ըստ Ձեզ, ինչպես կանցնեն ԱԺ ընտրությունները, երբ քաղաքական ուժերը քվեներ են ստանում, բայց չեն օգտագործում այնպես, ինչպես ընտրողն է, այս դեպքում՝ վանաձորցին է նախատեսել:

-ՀՀ-ում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, դա նշանակում է, որ այս կամ այն քաղաքական ուժը, անկախ նրանից՝ իշխանությո՞ւն է, թե ընդդիմություն, եթե ցանկանում է հայտնվել ԱԺ-ում և թե ինչքան քվոտա կստանա, ունի երեք ճանապարհ. առաջինը նա պետք է գնա Մոսկվա և ստանա այնտեղ ապագա իր տեղը ԱԺ-ում, կամ պետք է գնա Վաշինգտոն, կամ էլ՝ Բաղրամյան 26: Միակ տեղը որ չարժի գնալ, դա ժողովրդի մոտ է: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչպես կանդրադառնա Վանաձորի օրինակը ԱԺ ընտրությունների ժամանակաշրջանում, հարցադրումը ճիշտ չէ, որովհետև ոչ մի տեղ էլ գոյություն չունեցող ընտրական ինստիտուտը, եթե չի աշխատում, չի աշխատելու նաև ապրիլյան ընտրությունների ժամանակ:

-Երևի հիշում եք, թե Վանաձորում ինչ մեծ կռիվներ էին քվեարկության ձևի վերաբերյալ. մինչև վերջին պահը ինտրիգը պահպանվում էր՝ Քրիստ Մարուքյանը կդառնա՞ քաղաքապետ: Կարծո՞ւմ եք, որ նրանք, ովքեր վիճում էին, ռոմանտիզմով էին տարված, որ իշխանությունը թույլ կտա Վանաձորում ընդդիմադիր դառնալ։ Հետո կարծես կարող էին դրանից նաև օգուտներ լինել՝ միջազգային կառույցների զեկույցներում կարձանագրվեր, որ ՀՀ երրորդ քաղաքում կա ընդդիմության թեկնածու։ Ինչո՞ւ սցենարը գնաց այնպես, ինչպես միշտ է լինում:

-Որովհետև Վանաձորի քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ի համար շատ ավելի կարևոր է, քան ԵԽԽՎ և մյուս եվրոպական տարբեր զեկույցները: Գիտենք՝ 2008թ.-ից հետո ինչ բացասական զեկույցներ են գնացել, ինչ-որ բան ազդե՞լ է ՀՀ-ում՝ ոչ, ոչ մի բան։ Իշխանությունները ոնց կային, այդպես էլ շարունակում են լինել ԵԽԽՎ-ում, ոնց կային Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, շարունակում են մնալ, այնպես որ ԵԽԽՎ-ն ՀՀ-ի համար այլևս ոչ մի արժեք չունի, և այդ իսկ պատճառով քաղաքապետի պաշտոնը շատ ավելի ուժեղ լծակ է, քան ԵԽԽՎ-ի զեկույցը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե գրեթե հաղթանակած արդյունքը ոչնչացվեց, ապա կարող եմ ասել, որ արդյունքներին կարող են անդրադառնալ, երբ որ ԿԸՀ-ն քաղաքապետի մանդատը կտար, իսկ մինչ այդ ոչ մի հաղթանակ էլ չի եղել: Հաղթանակը լինում է կնքված և ոչ թե զգացմունքային:

-Եվ վերջին հարցը, ասպարեզ է մտնում Վիկտոր Դալաքյանը՝ աղմկահարույց հայտարարություններով։ Սա քաղաքական դաշտում նոր իրավիճա՞կ է, և ինչ-որ առանցքային բևեռ դառնալու հավակնություն ունի՞ ըստ Ձեզ:

-Դժվար, ուղղակի շատ լավ հաշվարկված է հայտարարություն անելու տեխնոլոգիան, որպեսզի բոլոր լրատվամիջոցները գրեն դրա մասին, թե տեսեք, տեսեք: Բայց իրականում ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ավելացել է հերթական 73-րդ, թե քանիերորդ կուսակցությունը:

 

 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 162 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0