Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 10 » Եթե Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք. Սեյրան Օհանյան
17:06
Եթե Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք. Սեյրան Օհանյան

   Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից մենք ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում: Այս մասին, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

   «Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք խորությամբ տիրապետում են բանակցային ողջ գործընթացին, հանդիպումներին: Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր կողմից առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական, խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների ու ամենակարևորը՝ վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում»:

    Դիտարկմանը, թե խոսվում է հակամարտությունը հողերի հանձման միջոցով կարգավորելու մասին, Սեյրան Օհանյանն ասաց, որ որոշումները պետք է համապարփակ լինեն, դա ձևավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում:

    «Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացման արդյունքում,  հանգեցնում են նրան, որ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է: Ինչը հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտը, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– վստահեցրեց նա:

    Սեյրան Օհանյանը նաև ասաց, որ վերջին ժամանակահատվածում առաջին գծում լարվածության միտումներ չկան, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «մի քիչ ավել, մի քիչ պակաս կատարվում է»: Նախարարի խոսքով՝ ծանր զինտեխնիկա չի կիրառվում, անհրաժեշտ դեպքում ԼՂ պաշտպանության բանակը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 181 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0