Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Ես դատի եմ տվել Թուրքիային․Կարո Փայլան
19:33
Ես դատի եմ տվել Թուրքիային․Կարո Փայլան

      Ես դատի եմ տվել Թուրքիային․ Tert.am-ի հետ բացառիկ զրույցում այսպես է  ասել Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատի տալու  մասին:

   Նա նշել է, որ Էրդողանը իր հայտարարություններում օգտագործում է հակահայկական արտահայտություններ՝ հայերին ներկայացնելով որպես թշնամիներ:

    Հիշեցնենք, որ հայազգի պատգամավորին զայրացրել էին Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները:

     Նա դեռ երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

    Իսկ այսօր նույն սոցցանցի իր էջում արդեն հայտնել էր, որ պաշտոնապես դատի է տվել Թուրքիայի նախագահին:

    Խոսելով դատից սպասելիքներից՝ Կարո Փայլանը միանգամից նշել է, որ ինքը Թուրքիայի դատարանից արդարություն չի էլ ակնկալում, քանի որ այն լուրջ կախվածություն ունի երկրի ղեկավարից: «Այն չի կարող Էրդողանի դեմ որոշում ընդունել, չունի այդ ազատությունը»,- ասել է նա:

    Նշել է, որ իրեն Թուրքիայում բազմաթիվ դեմոկրատներ են աջակցում․ «Ես ազգայնականներից նման բան չեմ սպասում: Ազգայնականները մշտապես օգտագործում են հակահայկական հայտարարություններ»,- ասել է նա:

    Կարո Փայլանը բացատրել է պայքարի իր ձևը․ «Ես միշտ օգտագործելու եմ իմ հնարավորությունները՝ խորհրդարանը, լրատվամիջոցները, սոցցանցերը՝ դադարեցնելու հայերի դեմ նրա հայտարարությունները, ըստ որոնց՝ հայերը թշնամիներ են»:

   Tert.am-ի հարցին, թե չի վախենում, որ թուրքական իշխանությունները հաշվեհարդար կտեսնեն նրանից, ստամբուլահայ պատգամավորը պատասխանել է․«Ես չեմ վախենում այս պայքարում, ամեն օր Թուրքիայում մարդիկ են մահանում: Ես չեմ կարող դա ասել: Մենք պետք է բարձրաձայնենք մեր խնդիրների մասին: Ես ունեմ միլիոնավոր աջակիցներ Թուրքիայում և պետք է նրանց լսելի դարձնեմ խնդիրները․ եթե ես լռեմ, ռիսկի կենթարկեմ իմ ինքնությունը: Վերցնենք Հրանտ Դինքին և Ռուբեն Սևակին, նրանք չլռեցին: Եթե դու ճշմարիտ ես, չպետք է լռես: Ես և հայ համայնքը  ճշմարիտ ենք, և իրավունք ունենք խոսելու»:

   Կարո Փայլանը նորից շեշտել է, որ չի վստահում Թուրքիայի արդարադատության համակարգին։ «Եթե Թուրքիայում ես այս դատը չշահեմ, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- եզրափակել թ իր խոսքը նա:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0