Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » «Երկրաշարժ»-ը ցուցադրվեց երկրաշարժ տեսած քաղաքում
12:11
«Երկրաշարժ»-ը ցուցադրվեց երկրաշարժ տեսած քաղաքում

  1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին պատմող Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը փակ ցուցադրությամբ հանձնվեց աղետի ցավը սեփական մաշկին զգացած քաղաքի բնակիչներին:

   Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Գյումրիում ֆիլմի փակ ցուցադրությունը ռուսերեն տարբերակով էր:

  Ֆիլմի ստեղծագործական խմբին ի սկզբանե էր հետաքրքիր՝ ինչպե՞ս է ընդունելու ֆիլմը խստապահանջ ու այդ աղետը տեսած գյումրեցին:

     Ֆիլմի պրոդյուսեր Արամ Մովսիսյանը հանդիպման ժամանակ փաստեց. «Այս ցուցադրումը Գյումրիում շատ կարևոր է, հատկապես, որ սա առաջին մեծ փակ ցուցադրությունն է»,-նշեց Արամ Մովսիսյանը:

    Երկրաշարժ տեսած քաղաքում երկրաշարժի մասին ֆիլմը դիտեցին լուռ ու արցունքներով: Դիտման ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր, չդիմանալով այդ ապրումներին, լքեցին դահլիճը, ինչը խոսում էր ֆիլմի՝ իրականին շատ մոտ լինելու մասին:

     Տեխնիկական հնարքներն ու գրաֆիկան ավելի ցայտուն էին դարձրել ցնցումների ու շենքերի փլման պահը, իսկ սյուժեն հենց այն էր, ինչի հանդիպել են երկրաշարժը վերապրածները։ Այդ ամենը հրաշալի կերպով արտահայտված էր դերասանական խաղով:

   Ֆիլմի ավարտին հանդիսատեսը դահլիճից հեռացավ լուռ արտասվելով, իսկ ավարտին բոլորը մեկ մարդու պես մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը. նմանատիպ լռության րոպեներ եղել են նկարահանման բոլոր օրերի ավարտին:

    «Ֆիլմը շատ ծանր էր, հատկապես նրանց համար, ովքեր ապրել են այդ ամենը, իրենց սեփական մաշկի վրա զգացել աղետի դառնությունը: Չեմ կարող ասել՝ Գյումրիում մարդիկ կդիմանա՞ն մեկ անգամ ևս այս դառնությանը: Ինքս շատ տպավորված եմ, բայց պետք է, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվել տարիներ առաջ ու ինչ փորձություն է հաղթահարել այս քաղաքը: Նաև հուզված եմ՝ պետք է հիշել, թե ինչքան երկրներ օգնեցին, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն ու կյանքը շարունակեն,-նշեց Լիանա Եֆրեմյանը, որի խոսքին միացան շատերը:

    Հենց այդպես՝ բոլոր նրանք, ովքեր այդ աղետի անմիջական ականատեսներ են, խորհուրդ են տալիս մյուս ականատեսներին չդիտել ֆիլմը՝ այդ նույն ցավն ու ապրումները չունենալու համար, փոխարենը, ֆիլմը պետք է դիտեն երիտասարդները՝ գնահատելու ու արժևորելու կյանքն ու մարդակայինը:

    «Ֆիլմը շատ ծանր է, շատ ցավոտ թեմա է հայերի համար, բայց, կարծում եմ, նաև շատ հետաքրքիր է նախկին ԽՍՀՄ-ի բոլոր մարդկանց համար, քանի որ այս աղետը այն միակ վերջինը կարելի է համարել, որի կապակցությամբ ԽՍՀՄ բոլոր մարդիկ միասին ինչ-որ լավ բան արեցին, դրանից հետո բոլորը հեռացան»,-հավելեց Արամ Մովսիսյանը:

      Ֆիլմի հայերեն տարբերակը վարձույթի կհանվի նոյեմբերին։

    «Կարծում եմ, հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինի ավելի կոլորիտային` հայերեն տարբերակը»,-այդ մասին հայտնեց «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

     Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։

    Ճակատագրի դիպվածով, դա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը։

    Նրան սպասում են կինը, աղջիկը, որդի և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

    Հայկական կինոակադեմիան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի հայտավորել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը` որպես տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ:

Նյութի աղբյուրը armeniasputnik.am

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 3611 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0