Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Երիտասարդական մայրաքաղաքն էլ ավելի գրավիչ են դարձնում Street art ոճում գունազարդումները (Ֆոտոշարք)
22:04
Երիտասարդական մայրաքաղաքն էլ ավելի գրավիչ են դարձնում Street art ոճում գունազարդումները (Ֆոտոշարք)

    Նոյեմբերի 15-ին Գյումրու երիտասարդական պալատում տեղի ունեցավ Գունավորենք մեր քաղաքը ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

     «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 28-ից սկսեց իրականացնել «Գունավորենք մեր քաղաքը» ծրագիրը՝ «Գյումրին 2016թ.-ի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

   «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն համախմբեց տարբեր մարզերի երիտասարդների՝ նպաստելով նրանց փորձառության աճին և համագործակցային կապերի զարգացմանը: Ծրագրի նպատակն էր արհեստների և արվեստների քաղաք Գյումրին լցնել նոր շնչով և գույներով՝ ներգրավելով տեղի, ինչպես նաև հանրապետության այլ մարզերի երիտասարդ նկարիչներին. ՀՀ տարբեր մարզերից և Գյումրիից ընտրված երիտասարդները Street art ոճում գունազարդեցին գյումրեցիների սիրելի վայրերը՝ քաղաքի պատերը, փողոցներն ու մայթերը, մեր ականավոր արվեստագետների հայտնի գործերով: Քաղաքի տարբեր վայրերում, բարեգործական նպատակներով, նկարվեցին դիմանկարներ և էտյուտներ, որոնք վաճառվելու են ծրագրի ավարտին կազմակերպվող ցուցահանդես վաճառքի ընթացքում:

   «Այս նախագիծը ՀԿ-ին հնարավորություն տվեց իրականացնել գունագեղ ու հետաքրքիր ծրագիր. նպատակն էր քաղաքի տարբեր հատվածները զարդարել street art ոճի նկարներով, որոնք նոր շունչ ու թարմություն էին մտցնելու մեր առօրյա: Ընտրվել էին հայ մեծանուն նկարիչների վրձնին պատկանող կտավներ, որոնք արտապատկերվեցին քաղաքի տարբեր հատվածներում՝ սկսած կենտրոնական տարածքներից մինչև ծայրամասեր: Ընդհանուր թվով street art ոճի 10  նկար է նկարվել ինչպես Շիրակի, այնպես էլ Հայաստանի այլ մարզերի երիտասարդ նկարիչների ջանքերով:

     Գունավորենք մեր քաղաքը ծրագրի շրջանակներում նկարվել են նաև էտյուտներ, որոնք հետագայում հանվելու են վաճառքի՝ նպատակ ունենալով ստացված հասույթը փոխանցել Գյումրու որևէ մշակութային օջախի, որն ունի այդ կարիքը»,- IGyumri.com-ի հետ զրույցում մանրամասնեց Ծիրանափող ՀԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը:

    Ամփոփիչ միջոցառման ժամանակ ծրագրային թիմի անդամները մասնակցության վկայականներ հանձնեցին բոլոր մասնակից նկարիչներին, ինչպես նաև տեղի ունեցավ նկարված էտյուտների ցուցահանդես:

 

 

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ Գայանե Ավետիսյանի

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 496 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/2