Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 9 » Չի կարելի բացառել, որ Թրամփն Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ ԼՂ խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ ունենա. Կ․Մանոյան
19:46
Չի կարելի բացառել, որ Թրամփն Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ ԼՂ խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ ունենա. Կ․Մանոյան

     Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր: Tert.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ինքն էլ, շատերի նման կարծում էր, որ կընտրվի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Սակայն արդեն ընտրությունների օրը, երբ ներկայացվում էին որոշ նահանգներում ընտրության արդյունքները, արդեն պարզ էր, որ ինքն էլ սխալվել էր իր ենթադրություններում:

     Նա հիշատակել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ նախագահի թեկնածուներից ո՛չ Թրամփին, և ո՛չ էլ Քլինթոնին չի սատարելու՝ պատճառ բերելով նախկինում նրանց գործունեությունը և հայկական հարցերում նրանց դիրքորոշումները։ «Հիմա Հայ դատի հանձնախումբը պետք է փորձի աշխատել նոր նախագահի հետ»,- ասել է նա:

      Կիրո Մանոյանը մատնանշեց Դոնալդ Թրամփի այն դիտարկումը, թե Վաշինգտոնը ծառայում է ոչ թե Ամերիկայի ազգային, այլ մասնավոր կառույցների շահերին․«Այդ պատճառով էլ նա նաև հայկական հարցերի վերաբերյալ տեսակետ չէր արտահայտում»:

     Թրամփի ընտրվելու հանգամանքը, ըստ Կիրո Մանոյանի, պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները լավանան, Հայաստանը կշահի դրանից: Նա նշեց, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա ազդեցություն կունենան նրա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունները:

     «Բայց մյուս կողմից եթե Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները վատանան, Հայաստանը դրանից չի շահի: Մեզ համար կարևոր է նաև Միացյալ Նահանգներ-Թուրքիա և Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թրամփը Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ կապեր ունի»,- ասել է նա:

    Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ում նախագահը միանձնյա չի որոշում երկրի արտաքին հարաբերությունները․ կա ներքին համակարգ՝ Կոնգրես, պետքարտուղարություն և այլն, որոնց դեմ, ճիշտ է, Կիրո Մանոյանի խոսքով, Թրամփը քարոզարշավի ժամանակ պայքար  տարավ, սակայն հիմա դրանց հետ հաշվի չնստել չի կարող:

    «Հնարավոր է, որ նա Ադրբեջանի որոշ իշխանական շրջանակների հետ, որոնց հետ համագործակցում է, Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններ ունենա․չի կարելի բացառել: Բայց դա միանշանակ ասել էլ չի կարելի»,- ասել է նա:

    Դիտարկմանը, թե Դոնալդ Թրամփն իր քարոզարշավում մատնանշել էր, որ ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը մի կողմ քաշվի և թույլ տա մարդկանց ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան, կարծես թե որոշել է իրեն հեռու պահել աշխարհաքաղաքական գործընթացներից, Կիրո Մանոյանը պատասխանեց, թե աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս գալն արդեն ազդեցություն է, որովհետև հիմա արդեն ներգրավված է դրանցում:

     «Հիմա ինչ էլ անի՝ դուրս գա, թե խորանա այդ գործընթացներում, ազդեցություն պետք է ունենա․դրանցից յուրաքանչյուր դեպքում ազդեցությունները տարբեր են լինելու: Իր ընտրարշավի ժամանակ կատարած որոշ հայտարարություններ նախագահ լինելու ժամանակ չի կարող իրականացնել: Իհարկե, նա կփորձի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ուղղությունը փոխել, բայց փորձելու դեպքում էլ, եթե հաջողի, դա ևս միջազգային հարաբերությունների վրա իր ազդեցությունն է ունենալու»:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 228 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0