Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Ծանրամարտի Հայաստանի հավաքականում փոփոխություններ կլինեն, երեքը հաստատ կմնան հավաքականում. մարզիչ
23:04
Ծանրամարտի Հայաստանի հավաքականում փոփոխություններ կլինեն, երեքը հաստատ կմնան հավաքականում. մարզիչ

    Բրազիլիայում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերից հետո ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականում փոփոխություններ հաստատ կլինեն, կմնան երեք հոգի, մյուսներին դեռ կորոշեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

         «Հավաքականում նախ լինելու են փոփոխություններ, որոնք պայմանավորված կլինեն տարիքով, վնասվածքներով ու վատ արդյունքներով: Պիտի պայմաններ ստեղծվեն, որ ասենք՝ քեզ չենք ընդունում և քո փոխարեն ընդունում ենք մյուսին: Դրանից ելնելով, հավաքականում մնալու են երեք ծանրորդները՝ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, մյուսներին դեռ կորոշենք»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

    Հարցին, թե արդեն հայտնի է, թե որքան ժամանակ կպահանջվի Ռիոյում ծանր վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանի ապաքինման համար, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ ծանր վիրահատության է ենթարկվել, իսկ վերականգնողական պրոցեսներից հետո նոր հետագա ընթացքը պարզ կլինի.«Անդրանիկի համար կյանքս էլ կտամ: Ոչ մեկ նրա մասին չի հարցնում, մտածում են ինչ հարցնեն, որ սկանդալ լինի: Անդրանիկ Կարապետյանն այն մարզիկն էր, որ մեդալը վզից արդեն կախ էր և ցանկացած գույնի կարող էր լինել, բայց առաջին քայլից հետո վնասվածք ստացավ»:

    Հարցին, թե որքանով ազդեց հավաքականի վրա Կարապետյանի վնասվածքը, Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մարզիկն է հոգեբանորեն շատ ճնշվել, իսկ մյուսները հաղթահարել են այն.«Կարապետյանի վնասվածքը մյուսների արդյունքների վրա ազդեցություն չթողեց, հետևաբար իմ թիմում աշխարհի ամենահզոր տղերքն են»:

    Վնասվածքների վերաբերյալ դիտարկմանը, թե այդպես էլ չպարզվեց, թե ինչ վնասվածք ուներ և որտեղ է Առաքել Միրզոյանը, ով Ռիոյում պայքարը լքեց վնասվածքի պատճառով, մարզիչն ասել է. «Հորը հարցրեք, գնացել է, որ բուժվի: Ես ինչ իմանամ ինչ վնասվածք է, ինձ չի դիմել բուժվելու համար, բայց ես լսել եմ, որ արդեն վերականգնվել է»:

   Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ռիո էր մեկնել հինգ ծանրորդներով՝ Անդրանիկ Կարապետյանը, Առաքել Միրզոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը:

     Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում պատվիրել էր 195 կգ, սակայն 2-րդ փորձի ժամանակ վնասել էր արմունկը, ստացել երկամարտում 0 ու թողել պայքարը:

   Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն:

    Երկամարտի 417 կգ արդյունքով գերծանր քաշային կարգում Հայաստանին արծաթ պարգևեց նաև Սիմոն Մարտիրոսյանը:

     Գերծանր քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց չորրորդ տեղը:

    85 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը երկրորդ փորձից մոտեցավ 158 կգ-ին և լքեց պայքարը, այն դեպքում, երբ նույն քաշային կարգում մարզիկները մրցապայքարը մեկնարկում էին 170 կգ-ով:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 372 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0