Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 11 » ԲՀԿ-ն և ԳԱԼԱ-ն դիմելու են դատարան՝ Գյումրիում մանդատների բաշխման հարցով
15:49
ԲՀԿ-ն և ԳԱԼԱ-ն դիմելու են դատարան՝ Գյումրիում մանդատների բաշխման հարցով

    «Բարգավաճ Հայաստանը» և ԳԱԼԱ-ն  ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի կիրակի օրվա` Գյումրու նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ հայց է պատրաստում, որն այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ պատրաստ կլինի և կներկայացվի  դատարան:

      Այս մասին  Tert.am –ին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

 «Մեր խմբակցությունների ավագանիները Գյումրիում հայց են ներկայացնելու, իրավական հարթությունում վիճարկելու ենք տեղի ունեցածը, քվեների առկայությունը, հանձնաժողովի որոշումը»,-ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

     Հիշեցնենք, որ երեկ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը՝ ի նշան բողոքի, որ   կիրակի տեղի ունեցած թիվ 34 ԸԸՀ –ի նիստին Գյումրու 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինքը» ստացավ 17 մանդատ , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

      Հիշեցնենք, որ Վանաձորում  «Լուսավոր Հայաստանի», «ԲՀԿ»-ի ու «Հայկական վերածննդի»` Քրիստ Մանարյանին սատարելու մասին Հուշագրի ֆիասկոյից հետո (երբ ինչպես և կանխատեսվել էր մամուլում` 19 ձայնով ընտրվեց Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը) բոլորը նշում են, որ իրենք քվեարկել են համաձայն հուշագրի, սակայն փաստը մնում է փաստ, որ առնվազն 4 մարդ խախտել է պայմանավորվածությունը:

    Քաղաքական ուժերի կողմից այս կապակցությամբ արդեն իսկ հնչում են մեղադրանքներ՝ անգամ քաղաքական պոռնկության մասին:

     Ի պատասխան սույն դիտարկման, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Մենք քվեարկության ձև էինք մշակել` հաշվի առնելով այդ զարգացումները, որ տեղի են ունենալու, մենք նաև ցույց էլ ենք տվել մեր երեք քվեարկությունները հանձնաժողովում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը դրանք տեսել է»:

     Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ»-ից էլ հայտնել էին, որ իրենք քվեարկության համար   հատուկ V –աձև նշան էին մշակել:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 67 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0