Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 4 » Բավակա՛ն է, չի՛ կարելի մարդկանց վիրավորել և վարկաբեկել, մի խաղացեք քաղաքի պատվի հետ. Գյումրու ավագանու նիստն անցավ լարված մթնոլորտում
18:50
Բավակա՛ն է, չի՛ կարելի մարդկանց վիրավորել և վարկաբեկել, մի խաղացեք քաղաքի պատվի հետ. Գյումրու ավագանու նիստն անցավ լարված մթնոլորտում

      Գյումրու ավագանու արտահերթ նիստն անցավ բուռն վիճաբանություննրի ու վիրավորանքների մթնոլորտում: Պատճառը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից զրկելու մասին  որոշման քննարկումն էր:

     Ավագանու նիստի սկզբից շատ չանցած՝ նիստն ընդատած քաղաքացին պահանջում էր, որպեսզի քաղաքապետարանի մուտքից ներս թողնեն մոտ 30 քաղաքացիների, որոնք ցանկություն էին հայտնել ներկա գտնվել ավագանու նիստին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնարարեց ներս թողնել բոլոր քաղաքացիներին և, նկատեց՝ եթե դահլիճում այդքան տեղ կգտնվի կարող են տեղավորվել և պահանջեց այլևս չխանգարել նիստը: Բայց այդպես էլ նիստերի դահլիճ ոչ մի քաղաքացի չբարձրացավ:

    «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին  որոշման քննարկումն ավելի սրեց կրքերը:

     Զեկուցող՝ ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանն իր զեկույցը կազմել էր Սամվել Բալասանյանի՝ ԳԱԼԱ ուղարկած եզրակացության հիմման վրա.

      «Ձեր դատին ենք ներկայացրել 1800 գյումրեցու ստորագրություն: Մարդիկ՝ ովքեր չեն թաքցրել իրենց անձը, իրենց հասցեն, իրենց անձնագրային տվյալները և այլն: Այս մարդկանց պահանջը հետևյալն է՝ Լևոն Սարգսյանը չունի արժանիքներ, որ դուք նրան շնորհել եք Գյումրիի պատվավոր քաղաքացի կեչումը: Դուք չեք փորձել ճշտել հասարակական կարծիքը, ուսումնասիրել, թե ինչ է մտածում գյումրեցին Սերժ Սարգսյանի, նրա Սաշիկ և Լևոն եղբայրների մասին։ Վստահ եմ, գիտեք, թե ինչ են մտածում մարդիկ ու գիտենալով հանդերձ՝ շնորհել եք Լևոն Սարգսյանին այդ կոչումը։ Ես իմ զեկույցը կառուցել եմ Սամվել Բալասանյանի՝ ԳԱԼԱ ուղարկած եզրակացության վրա, որով վերստին Բալասանյանն իր հավատարմությունն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ ամեն կերպ արդարացնելով իր ու ավագանու անփառունակ որոշումը։

     Եզրակացության մեջ ասում եք, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկում լոկ այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Համաձայն եմ, սակայն մի պարագայում, եթե դուք ապացուցեք, որ այդ կոչումը չեք տվել այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Ի՞նչ է արել Լևոն Սարգսյանը, վստահ եմ՝ կողմ քվեարկած շատերը չեն կարողանա թվարկել»,- այս խոսքերից հետո ավագանու անդամներից մի քանիսը սկսեցին տեղերից խոսել՝ հակադարձելով, թե «ի՞նչ գիտես»:

   Արմենուհի Վարդանյանը շարունակելով ելույթը նշեց, որ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից պետք է զրկել այն բանի համար, որ նրա ղեկավարած «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը ավելի շատ կոռուպցիոն որջ է հիշեցնում, որտեղ միլիոնավոր դոլարներ են մտնում.

    «Գուցե շատերդ մուծվում եք այդ հիմնադրամին դարձյալ այն պատճառաբանությամբ, որ դա Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամն է և փայ է պետք հանել սեփական ունեցվածքից։ «Վերածնունդ» փառատոնի ղեկավարը, եթե այդքան բարերար է, ինչո՞ւ, ասենք, գյումրեցի երեխաները չեն կարողացել մասնակցել անվճար հիմունքներով։ Մտեք, նայեք գնացուցակը, ինչքան են պարտավոր վճարեն մասնակիցները, որպեսզի կարողանան մասնակցել հռչակավոր բարերար Լևոն Սարգսյանի կազմակերպած փառատոնին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ 6 հազար դրամ, թեև գյումրեցի մասնակցի կտորի վրա գրված է 7 հազար դրամ, երգչախմբերը միանվագ մուծել են 20 հազար դրամ, օտարերկրյա մասնակիցները՝ 100 եվրո, երգչախմբում հանդես եկող օտարերկրյա մասնակիցները՝ 80 եվրո և այլն։ «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին 2016 թվականին մասնակցել է 36 երկրի ավելի քան 3000 մասնակից։ «Վերածնունդ» փառատոնը, որքանով հայտնի է ոլորտից տեղյակ մարդկանց, հսկայական գումարներ է ստանում նաև տարբեր նվիրատվություններ անող կազմակերպություններից, խոսքը ահռելի միջոցների մասին է: Ի՞նչ ուղղությամբ են ծախսվել, որքա՞ն գումար է հավաքագրվել»,- նշեց իր խոսքում զեկուցողը:

     Քաղաքապետն ընդհատեց ելույթը և նշեց, որ ավարտելու համար զեկուցողն ունի 1 րոպե:

   Արմենուհի Վարդանյանն ավարտեց իր խոսքը նշելով. «Իհարկե ակնկալիք չունեմ, որ ավագանու այս կազմն ունակ է ընդառաջ գնալ գյումրեցու պահանջին»:

 Վերջին արտահայտությունից վիրավորված ու բարկացած ավագանու անդամները սկսեցին գոռալ և պատիվ պահանջել, ասելով՝ «շատ ունակ ենք, քեզեն էլ ունակ ենք»:

    Այս անկառավարելի լեզվակռվին վերջ տվեց քաղաքապետը և պահանջեց խոսել միայն իր թույլտվությամբ: Ավագանու անդամներից ոմանք փորձեցին պաշտպանել Լևոն Սարգսյանին, բայց սա նույնպես վերածվեց փոխադարձ վիրավորանքների:

 Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ձայն խնդրելով փաստեց, որ Լևոն Սարգսյանին չի էլ հետաքրքրում, թե նրան կշնորհեն Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, թե ոչ, իսկ պարոն Բալասանյանն էլ զգուշացրեց, որ Լևոն Բարսեղյանն ունի ընդամենը 1 րոպե, ավելացնելով, որ այս հարցը կարևոր չէ և այն որակեց խայտառակություն քաղաքի համար.

     «Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցն ենք այստեղ քննարկում, արժի, որ ավելի հանդարտ լինենք, աշխարհի վերջը չէ: Մենք ունենք սահմանված կարգ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ դրանից զրկելու մասին: Լևոն Սարգսյանը, մի քանի օր առաջ, իր հարցազրույցում ասել է. «Ինձ չի էլ հետաքրքրում…, ես տեղյակ էլ չեմ…, զրկում են՝ զրկեն, տալիս են՝ տան… իրենց գործն է»»,- մեջբերեց պարոն Բարսեղյանը Լևոն Սարգսյանի խոսքերը և կոչ արեց զրկել նրան Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից, քանի որ, ըստ նրա, Շառլ Ազնավուրի ու Մարտիրոս Սարյանի կողքին բավարար արժանիքներ չունի Գյումրու պատվավոր քաղաքացի կոչվելու:

     Հարցը դրվեց քվեարկության և 12 կողմ, 1 դեմ (Լևոն Բարսեղյան) արդյունքով որոշումը չընդունվեց:

     Իսկ վերջում Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես եկավ կոչով.

      «Հարգելի համաքաղաքացիներ, հարգելի լրագրողներ, հարգելի ԳԱԼԱ հեռուստակուսակցություն, «Ասպարեզի» ղեկավար Լևոն Բարսեղյան, բավական է քաղաքի նյարդերի հետ պրոբլեմներ ստեղծեք և խաղաք: Բավակա՛ն է, չի՛ կարելի մարդկանց վիրավորել և վարկաբեկել, որոնք գալիս, օգուտ են տալիս մեր քաղաքին, մարդկանց պետք է շնորհակալություն հայտնենք, խրախուսենք։ Ինձ տվեցին 9 մլն բնակչությամբ Սիան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ինձ այնտեղ ճանաչում է, երևի, մի քանի մարդ:

    Տրամաբանությունից զուրկ բաներ արեցիք, որպեսզի կարողանաք ձայներ վերցնենք ընտրական պրոցեսների ժամանակ, վերցրեցիք, էլ ի՞նչ եք ուզում։ Մի խաղացեք քաղաքի պատվի հետ: Օգուտ տվող մարդկանց պետք է խրախուսենք, ոչ թե նման վերաբերմունք ցույց տանք պրոֆեսոր մարդու նկատմամբ»,- ավարտեց քաղաքապետը, որին պատասխանել ցանկացավ Լևոն Բարսեղյանը, սակայն պարոն Բալասանյանը կտրուկ ավելացրեց.

        «Նիստն ավարտված է, ցտեսություն»:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 1181 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0