Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 14 » Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է. Կարեն Կարապետյան
17:44
Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է. Կարեն Կարապետյան

  ՀՀ ժամանակավոր կառավարությունը Ազգային ժողով հարցուպատասխանի ներկայացավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ով հնարավորություն ստացավ պատասխանելու հնչեցված հարցին, թե որն է լինելու նրա ծրագրային քաղաքականությունը:

    «Հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ, և որևիցե մեկս ծանոթ չենք նրա ծրագրերին։ Կցանկանայինք կորզել մի փոքր հարցեր, եթե դա հնարավոր է»,-ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

    Նա նաև հարցրեց, թե որոնք են լինելու վարչապետի առաջնային քայլերը, շարունակելո՞ւ է նախկին վարչապետի ծրագրային դրույթներն իրականացնել, ինչպես օրինակ՝ պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհներ և այլն: Պատգամավորը նաև հետաքրքրվեց նորանշանակ վարչապետից, թե որն է լինելու նրա կադրային քաղաքականությունը:

     Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ հայտարարել է, որ երկու փուլային ծրագիր է իրականացվելու:

   «Առաջին փուլում չեն լինելու արագ փոփոխություններ, և լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել։ Իսկ երկրորդ փուլի համար ժամանակ է պետք, որ որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու երկիրը: Սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ հայտարարել, որ չեն լինելու, բայց սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է գնալու»,-ասաց նա:

    Կարեն Կարապետյանը նշեց, որ նախկին ծրագրերին իհարկե անդրադառնալու են և տնտեսությունն այն ուղղությամբ են զարգացնելու, որ ստեղծեն մաքսիմալ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար:

    «Ընդհանուր բանաձև է, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, հավելյալ ռեսուրս ունեցող, լավ է իրեն զգում, կարողանում է հավելյալ արժեք ստեղծել. նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն»,-ասաց նա:

    Կարեն Կարապետյանը նշեց, որ կադրեր մաքսիմալ կընտրվեն պրոֆեսիոնալները, իսկ կուսակցական լինելը դեր կունենա, եթե պրոֆեսիոնալ են:

    ՀՀ նորանշանակ վարչապետը նաև հայտարարեց պետք է հասկանալ, որ կախարդական փայտիկ չկա:

   «Արագ փոփոխություններ, որ ասում եմ չի լինի, դա չի նշանակում, որ քայլեր չենք ձեռնարկելու։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու և՛ սոցիալական լարվածությունը թուլացնելու համար, և՛ բիզնեսի զարգացման առումով, բայց պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք են համակարգային փոփոխություններ: Ռեալ, մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր»,-եզրափակեց նա:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0