Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Այսօր ԼՂՀ ՊԲ զինծառայող, կրտսեր սերժանտ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
12:25
Այսօր ԼՂՀ ՊԲ զինծառայող, կրտսեր սերժանտ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

     Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոս Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 20 տարեկան։

    Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։

     2003 թվականից սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, որն ավարտել է 2012 թվականին։

    2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ և ավարտել՝  2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ Իսկ հետո 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։

      Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

     2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

    Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով

      Պաշտոնական հայտարարություն

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

     Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը[15]։

       Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

     2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0