Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 6 » Արթուր Ալեքսանյան. Հուզվեցի՝ օդանավակայանում տեսնելով Ռոբերտ Աբաջյանի հորը
17:45
Արթուր Ալեքսանյան. Հուզվեցի՝ օդանավակայանում տեսնելով Ռոբերտ Աբաջյանի հորը

   Ձգտելու եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այս մի օլիմպիական ոսկե մեդալով չեմ հանգստանալու:

       Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընծա օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ խոսելով Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի մասին: Գրում է sport.news.am-ը:

    «Ես, իրոք, հպարտություն եմ ապրում լինել Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը եւ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար: Երբ դրսում մարդիկ մոտենում եւ շնորհավորում են, ես մեծ հիացմունք ու հպարտություն եմ ապրում, զգում եմ, թե մարդիկ որքան երջանիկ ու ուրախ են:

     Ռիոյում մեկնարկային գոտեմարտս դժվար ստացվեց, քանի որ մրցակիցս պատահական ըմբիշ չէր: Ինձ մոտ միշտ առաջին գոտեմարտերը մի քիչ դժվար են ստացվում: Բայց դրանից հետո բացվում եմ եւ արդեն վստահ դուրս գալիս մրցագորգ:

     Ես նշել եմ, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու այս արդյունքներով: Ես ձգտում եմ միշտ առաջ շարժվել: Ցանկանում եմ շատացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները: Հաջորդ նպատակս կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է:

    Ես Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ շապիկին, որ ամբողջ աշխարհը ճանաչի մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն: Ռոբերտ Աբաջյանի հոր հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ դիմավորելիս: Օդանավակայում ինձ մի մարդ մոտեցավ եւ փաթաթվեց: Ես չէի ճանաչում նրան, նա ինձ շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ Ռոբերտի հայն է: Ես այդ պահին հուզվեցի նրան տեսնելով, բայց այնպիսի իրավիճակ էր դիմավորելիս, որ չկարողացա նրա հետ շփվել: Բայց ես անպայման Ռոբերտի ընտանիքին, հորը կհանդիպեմ: Շատ եմ ցանկանում նրանց հետ շփվել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

     Անդրադառնալով Գյումրու մարզադպրոցի անմխիթար վիճակին՝ օլիմպիական չեմպիոնը նշեց, որ շատ կցանկանար այն տեսնել վերանորոգված ու բարվոք վիճակում:

   «Շատ դժվար է Գյումրու մարզադպրոցում մարզվելը: Բոլորդ էլ տեսել եք` ինչ պայմաններում ենք մարզվում: Լավ կլինի, որ լավ պայմաններում մարզվենք: Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը եւ հնարավոր է, որ ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը զբաղվեն այդ հարցով»,- նկատեց Արթուր Ալեքսանյանը:

     Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 3528 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0