Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կզեղչվի առավելագույնս. ԿԳՆ
11:05
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կզեղչվի առավելագույնս. ԿԳՆ

   Tert.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն հարցում էր ուղարկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ «ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից» հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար. մասնավորապես՝ զինվորական ծառայություն անցած ո՞ր ուսանողներն ունեն արտոնություններից օգտվելու հնարավորություն, ինչո՞ւ միայն ապրիլյան պատերազմի մասնակիցները, արդյոք նույն արտոնությունները սահմանվա՞ծ եղել են օգոստոսյան պատերազմի մասնակիցների համար և այլ հարցերի շուրջ:

   Հարցին, թե ինչո՞ւ են ընտրվել ընթացիկ տարվա ապրիլյան պատերազմին մասնակից զինծառայողները, ԿԳՆ–ից պատասխանել են, որ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4,1 մասի 7-րդ կետով արդեն իսկ սահմանված է, որ  մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից (բուհի կողմից սահմանած միջին որակական գնահատականի /ՄՈԳ/), կարող են օգտվել ուսման վարձավճարի առնվազն 30 տոկոս զեղչից:

    Հիշյալ զեղչից չեն օգտվում առաջին կուրսի առաջին կիսամյակում սովորող ուսանողները: Այդ իսկ պատճառով բուհերին առաջարկվեց ապրիլյան պատերազմի մասնակից  ուսանողների համար (նաև առաջին կուրսի առաջին կիսամյակում) կատարել ուսման վարձի առավելագույն զեղչ՝ առանց հաշվի առնելու ուսանողների ՄՈԳ-ը»:

   ԿԳՆ–ն չի պատասխանել ճշտող հարցին, թե նված արտոնությունից օգտվում են միայն ապրիլյան պատերազմի մասնակից 2016-2017թթ դիմորդնե՞րը, թե՞ բոլոր մասնակիցները՝ անկախ դիմելու ժամկետից,:

    Tert.am–ը նաև հետաքրքրվել է, թե ինչ թիվ են կազմում նրանք, ինչին ի պատասխան ԿԳՆ–ից հայտնել են, որ «ներկայումս շարունակվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հեռակա ուսուցման մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը:

  Բուհերում դեռևս շարունակվում է զորացրված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման գործընթացը՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1242 հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման դրույթների: Այդ իսկ պատճառով դեռևս հայտնի չէ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների թիվը»:

     ԿԳՆ–ն չի պատասխանել նաև Tert.am–ի հարցին, թե արտոնություններ սահմանվե՞լ են արդյոք 2014 թվականի օգոստոսյան պատերազմի մասնակիցների համար:

  Tert.am–ը ԿԳՆ–ից նաև հետաքրքրվել էր, թե ինչ արտոնություններ են սահմանված զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի մասնակից զինծառայողների համար, ինչին նախարարությունը տվել է հետևյալ պատասխանը.

   «Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արտոնություններից, մասնավորապես՝ հիշյալ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված է՝

    «Պետությունը երաշխավորում է՝

   ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ  դարձած քաղաքացիների, զոհված (մահացած)  զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով.

 բ)պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին ՀՀ կառավարության կողմից՝ ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 238 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0