Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 19 » Անկարայում հայկական գերեզմանատուն են պղծել (լուսանկարներ)
13:13
Անկարայում հայկական գերեզմանատուն են պղծել (լուսանկարներ)

     Թուրքիայի Անկարայի նահանգի Սինջանի շրջանի փոքրիկ ավաններից մեկում` Սթանոզում, գանձագողերի կողմից հայկական հին գերեզմանատուն է պղծվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

     Արված լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես են գանձագողերը փորել գերեզմաններն ու հանել ոսկորները:

     Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին:

     Մըհչըն նշել է, որ բացի մի քանի սրտացավ քաղաքացիներից՝ ոչ ոք չի հետաքրքրվում գերեզմանատան վիճակով, և այն ամբողջովին մատնված է անուշադրության։

       Ավելին`կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ:

       Մուրադ Մըհչըն հայտնել է, որ իրենք արդեն դիմել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության Սինջանի տարածքային շտաբին, սակայն ակնկալում են, որ Ստամբուլի հայկական պատրիարքարանը նույնպես միջամտի և աջակցի, որպեսզի գերեզմանատան շուրջ պատ կառուցվի:

       Նշենք, որ Անկարա քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ (այն անվանում են նաև Զիր) ավանի բնակչությունն Առաջին համաշխարհայինից առաջ ամբողջովին բաղկացած է եղել հայերից, Սթանոզի բնակչության թվաքանակը 20-րդ դարի սկզբին կազմում էր 3.142 (668 ընտանիք): Ինչպես և Անկարայի հայության մեծ մասը, Սթանոզի հայերն էլ այստեղ են գաղթել Կիլիկիայից, 15-րդ դարում:  Ըստ որոշ տվյալների՝ հայ գաղթականների ևս մի մեծ խումբ այստեղ է հաստատվել 17-րդ դարում՝ Արևելյան Հայաստանից:

     Սթանոզում գործել է երկու հայկական բողոքական եկեղեցի` Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ: Սթանոզի հայերն ունեին նաև երկու կրթական հաստատություն, որտեղ, ընդհանուր առմամբ, կար 500 հայ աշակերտ: Այս շրջանում հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն էին, այգեգործությունն ու անասնապահությունը: Սթանոզում մեծ հռչակ էին վայելում հայ կաշվեգործները, գորգագործները, ներկարարները և մետաքսի արտադրությամբ զբաղվողները:

 

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Լուսանկարները՝ Մեհմեթ Օզերի

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 205 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0