Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Անապահով խավի համար՝ 100 դրամ. վարչապետը ներկայացրեց, թե որ խմբի համար որքան է նվազելու գազի սակագինը
15:57
Անապահով խավի համար՝ 100 դրամ. վարչապետը ներկայացրեց, թե որ խմբի համար որքան է նվազելու գազի սակագինը

     Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով գազի սակագնին հայտարարեց. «Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու՝ ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձև»։ Վարչապետը նշեց, որ սակագինը 10 հազար խորանարդ մետրից ավելին գազ սպառողի համար 257, 56 դոլարին համարժեք դրամից  դարձել է 242,1 դոլար: Այս մասին գրում է tert.am-ը։

         «Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ապա ավել գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: «Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա և բզինեսը ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատի ու շահավետ դառնա»,- ասաց նա:

    Tert.am-ի փոխանցմամբ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ 10 հազարից պակաս բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ և նշեց, որ  պետք է հստակ իմանալ, թե ով է սոցիալապես անապահովը:

   Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, ապա վարչապետը հայտնեց, որ սակագինը 257,56 դոլարից դառնում է 212 դոլար: «45 դոլարից ավել նվազեցում է լինում, ակնկալվում է, որ այդ ոլորտը օգտվելով այս հնարավորությունից կկարողանա ընդլայնվել: Որոնք են այս գումարների աղբյուրները, չորս աղբյուր՝ հունվարի 1-ին ավարտվում է պայմանագիրը տրանզիտի՝ Վրաստանի հետ և այնտեղ կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ` սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» իր մոտ օպտիմալացում կանի»:

    Նա նշեց, որ  «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիրը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա: «Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու, սակագնի իջեցման աղբյուրները»,- հավելեց նա:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 635 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0